Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին Լոնդոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը: Այս մասին հայտնել է երաժիշտ, ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելը:
Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահպանիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:
«Խոստումը» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հարուստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս՝ ուսումնասիրելու բժշկություն: Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների մեջ է տաղանդավոր Աննայի հետ՝ Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց միջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ միանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին՝ յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար: