Օրեր շարունակ քննարկվում է թուրքական լոլիկ Հայաստան ներկրելու հանգամանքը և դրա հետ առաջացող խնդիրները: Արդյո՞ք վերահսկողություն իրականացվում է պատկան մարմինների կողմից, որպեսզի կանխվի թուրքական լոլիկի ներկրումը, և առհասարակ, ի՞նչ խնդիրներ է այն բերում իր հետ, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել ոլորտի մասնագետից:
Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի՝ խնդիրն այն է, որ թուրքական ապրանքի ոչ մրցունակ լինելու ուղղությամբ իշխանությունը ոչինչ չի անում. «Թուրքական ապրանքը ոչ մրցունակ պետք է դառնա մի քանի ուղղությամբ, առաջինը սպառողը ապրանքը վերցնելիս պետք է իմանա, որ դա թուրքական է»,- ընդգծեց նա՝ հարց բարձրացնելով՝ «Լոլիկ եք առնում, գիտե՞ք՝ ո՞րն է թուրքական»:
«Հարկավոր է գտնել խնդիրը, Սննդի անվտանգությանը պետք է ասեն՝ տղա՛ ջան, գնացե՛ք և զբաղվեք այս հարցով, և կհասկանաք՝ սպառողը հստակ իմանալով, որ դա թուրքական ապրանք է առնում, թե՞ չէ: Ճանաչո՞ւմ եք որևէ հայ քաղաքացու, ով մտնի խանութ, տեսնի, օրինակ՝ տեղական լոլիկ՝ 500 դրամ, թուրքական լոլիկ՝ 300 դրամ, գնի թուրքականը, ո՛չ, կտա 500 դրամ և կգնի տեղականը:
Ես, եթե մտնեմ խանութ, տեսնեմ՝ տեղականը չի զիջում որակով, բայց թանկ է, միանշանակ կգնեմ տեղականը: Բազմաթիվ նման մարդկանց գիտեմ, ովքեր մոտ չեն գնա թուրքական ապրանքին, եթե իհարկե այլընտրանք ստեղծվի»,- նշեց նա:
Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ խնդիրն այն է, թե ինչպե՞ս իմանալ, որ դա թուրքական լոլիկ է. «Ապրանքի վրա գրված չի լինում թուրքական լոլիկ, գիտե՞ք պատճառն որն է, որովհետև, եթե գրված լինի, մարդիկ չեն գնի, ինչն էլ կազդի վաճառքի վրա:
Ուստի, պետք է դիմել գործադիր իշխանությանը և ասել՝ պարոնա՛յք, բացի Մասիս սարի գագաթին վեհ խոսքեր ասելուց՝ ուրիշ ի՞նչ եք անում: Հենց այդ հարցի պատասխանը անկեղծ տան, խնդիրն ինքնըստինքյան կլուծվի:
Արդեն որքան ժամանակ է աղմուկ կա, որևէ պետական պաշտոնյայի ցույց տվե՛ք, որ ինքն է շահագրգիռ եղել և խոսել այս թեմայի շուրջ: Չկա նման բան: Ոչ թե մենք պետք է գնանք, վզներից բռնենք, ասենք՝ մի քանի բառ ասեք, որ իրենք էլ հորինեն, այլ իրենք պետք է շահագրգիռ լինեն և զբաղվեն այս հարցով»:
Պիպոյանը խնդիրը տեսնում է՝ պետության կողմից ճիշտ քաղաքականություն չիրականացնելու մեջ. «Հարցը նրանում է, որ մեր վերահսկողություն իրականացնողները ոլորտի տեսանկյունից տառաճանաչ չեն: Եթե մարդը տառաճանաչ չէ, Ա տառը չգիտի, ի՞նչ կարող ենք ակնկալել այդ մարդուց, ուր մնաց թե բառ կազմի: Եթե մարդը չինարեն չգիտի, այդ մարդուց կարո՞ղ ենք ակնկալել, որ չինարեն սովորեցնի մեր երեխային»,- ասաց նա՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր ոլորտի մասնագետ պետք է ունենա իրեն համապատասխան մասնագիտական կարողություններ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՊԵԿ-ի իրականացված միջոցառումների արդյունքում մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը կանխվել է գյուղմթերքի անօրինական ներկրման 153 փորձ, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 15 տոննա գյուղմթերք, հիմնականում լոլիկ:
Սոնա Հարությունյան