Հայաստանում ընտրական գործընթացները թարս են' սկսվում են ընտրություններից հետո։ Հենց ընտրությունները վերջանում են, բոլորը հիշում են, որ Հայաստանում երկու ավանդույթ կա, որոնք միշտ պահպանվում են' իշխանությունները կեղծում են ընտրությունները, ընդդիմությունն էլ միշտ չի ընդունում դրանց արդյունքները։ Հասարակությունն էլ այդ ամենից հետո, որպես կանոն, միշտ ասում է' ինչո՞ւ ենք մասնակցում, եթե, միևնույն է, կեղծվում են։ Հետո, բոլորը որոշ ժամանակ իրար են խառնվում, որոշ ժամանակ անց' ամեն ինչ կրկին հանդարտվում էգ մինչև հաջորդ ընտրությունները։
Բայց այս ամենի մասին չեմ գրում, որպեսզի վերլուծեմ ընտրությունները և դրանց շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախ, քանի որ առանց ինձ էլ արդեն բոլորը քննարկում են, ավելին, արդեն Սերժ Թանգյանը ու Սերժ Սարգսյանն են այս հարցի շուրջ նամակագրության մեջ մտել, և ես արդեն չգիտեմ' ի՞նչ ասել այսքանից հետո։ Եվ, երկրորդ, մինչև իմ այս հոդվածը տպագրվի, հազար բան կհասցնի փոխվել։ Այդ իսկ պատճառով ուզում եմ գրել բոլորովին այլ բանի մասին։
Ընտրական թոհուբոհի մեջ աննկատ անցան մեզ համար մի քանի կարևոր օրեր։ Առաջինը' Արցախյան շարժման 25-ամյակը։ Այսօր, երբ մենք պայքարում ենք ժողովրդավարության, զարգացող, բանական Հայաստանի համար, այդ ամենը սկսվել է հենց այդ օրերին' փետրվարին։ Այն ժամանակ դեռ որևէ մեկիս մտքով էլ չէր անցնում, որ երեք տարի հետո մենք ապրելու ենք անկախ Հայաստանում։ Կարծում եմ' նույնիսկ այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ խորհրդային ռեժիմի օրոք պայքարում էին հանուն ազատության, չէին հավատում, որ ամեն ինչ այդպես արագ կփոխվի։ Իսկ ի՞նչ ասենք հասարակ մարդկանց մասին։ Ինքս հիշում եմ, որ առաջին անգամ հայտնվեցի Օպերայում' հենց շարժման առաջին օրը։ Բայց, պետք է խոստովանեմ, դա շատ հանկարծակի ստացվեց։ Մենք ընկերներով, սովորականի պես, այդ օրը փախել էինք դասերից և ուղղակի անիմաստ քայլում էինք' մինչև չհայտնվեցինք Օպերայի հրապարակում, ուր շատ անսպասելի մարդկանց հսկայական զանգված էր հավաքված։ Հիմա դա սովորական երևույթ է դարձել. ուր գնաս' մի ցույցի, մի ֆլեշմոբի, մի ակցիայի կհանդիպես։ Սովետներում նման բան լինում էր միայն պոլիտբյուրոյի որոշմամբ, այն էլ' միայն հստակ վայրերում և շատ հստակ օրերին։ Փետրվարին միայն ամսի 23-ին էր թույլատրվում զինվորականներին գուլպաներ նվիրել, և վերջ։ Դե, պատկերացրեք մեր վիճակը, երբ հայտնվում ես Օպերայում, իսկ այնտեղ անհասկանալի խոսակցություններ են հնչումգ թեթևակի կակազող մեծահասակ մի մարդ ռուսերեն խոսում է ինչ-որ Ղարաբաղի մասին։ Իսկապես, մենք դասերից հինգ հոգով էինք փախել, բայց որևէ մեկս չգիտեինք, թե Ղարաբաղն ի՞նչ բան է։ Ոչ դպրոցում էինք սովորել, ոչ գրքերում կարդացել այդ մասին։
Այդ մի քանի օրերը շատ բան փոխեցին։ Այդ մի քանի օրերը կարծես այն լիցքը լինեին, որի էներգիան մեզ առայսօր առաջ է տանում։ Իսկ մենք հետընտրական այս խառնաշփոթի մեջ գրեթե ամբողջովին մոռացանք, որ շարժման, այդ պայծառ օրերի քսանհինգամյակն է։ Տեղ-տեղ, իհարկե, հնչեցին առանձին ձայներ, տեսակետներ այդ օրերի մասին, բայց իրականում աննկատ շրջանցեցինք։
Վերադառնալով 1988-ին։ Մեկ անգամը բավական էր, որպեսզի մենք դրանից հետո ամեն օր կրկին դասից փախչենք և գանք Օպերա' Ազատության հրապարակ։ Մինչ այդ օրը մենք դպրոցական այս «հանցանքը» կատարում էինք աննպատակ, միայն թե չգնանք դպրոց։ Այլևս շատ կոնկրետ նպատակ կար' գնալ ու մասնակցել շարժման պայքարին, հանրահավաքներին։ Ավելին, հանրահավաքներին մեր մասնակցությունը դպրոցի շարունակությունն էր դարձել։ Ցույցերի ժամանակ ավելի շատ բան իմացանք հայոց պատմության և աշխարհագրության մասին, քան մինչ այդ մեզ հասցրել էին դպրոցում ստիպել աննպատակ անգիր անել։
Մեկշաբաթյա վերելքի օրերից հետո եկավ բացարձակ մի չարիք։ Առաջին անգամ լսեցի Սումգայիթի անունը։ Եվ այնպիսի պատմություններ էի լսում, որ մազերս, բառիս բուն իմաստով, բիզ-բիզ էին կանգնում։ Երբ ես փոքր էի' տատս շատ էր պատմել Եղեռնի մասին, որի ականատեսն էր եղել։ Այդ ամենը սարսափելի, բայց պատմություն էր։ Իսկ Սումգայիթը կատարվում էր այդ օրերին, հենց հիմա, հենց այս պահին։ Հենց այս պահին մարդկանց զրկում էին իրենց տներից, բռնաբարում էին, ողջակիզում, նետում պատուհաններից դուրս, ոչնչացնում ընտանիքներովգ Եվ դա կատարվում էր մեզանից ոչ շատ հեռու։ Կատարվում էր մեր իսկ երկրում, իսկ մենք այն ժամանակ անբաժան մի մեծ երկիր էինք։
Փետրվարի վերջը, 88-ին, հայերիս համար հետաքրքիր շաբաթ էր։ Անմեղությունից, կյանքից և աշխարհից կտրված լինելուց' յոթ-ութ օրում նետվեցինք դեպի բարու և չարի ճանաչողություն։ Այլևս մեկ բան պարզ էր. այլևս հետ վերադարձ չկա։ Այլևս չի կարող լինել նախկինի պես, և այլևս հինը չի կրկնվելու։
Չասեք, թե ձեզ շեղում եմ ընտրություններից, ձեր պայքարից, ամեն մեկն իր պայքարն ունի այսօր, յուրաքանչյուրն ունի իր գաղափարները, որոնք արդարացնում են դա։ Պարզապես չմոռանանք, որ եթե այսօր այսպիսին ենք' լա՞վը, թե՞ վատն ենք, ապա այդ ամենը շնորհիվ այն մի քանի օրերի է, որոնք կոտրեցին մեր ապակե ակվարիումը' մեզ նետելով դեպի իրական աշխարհ։