Վաղը՝ ապրիլի 14-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի քաղաքացի Խաչիկ Ասլանյանի հայցն ընդդեմ «Դեպի եվրատեսիլ» ստեղծագործական խմբի, Հ1-ի և ՀՀ կառավարության:

 

Քաղաքացին պահանջում է 61.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի փոխհատուցում: Այս մասին մենք տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական պորտալից:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ քաղաքացին դիմել է «Դեպի եվրատեսիլ» ստեղծագործական խմբին՝ մասնակցելու Եվրատեսիլ երաժշտական մրցույթին, սակայն վերջինիս մերժել են՝ անգամ  չթույլատրելով մասնակցել նախընտրական փուլին:

 

Նշենք, որ ըստ դատարան ներկայացրած հայցի՝ քաղաքացին պահանջում է այդ գումարը՝ ի հատուցում իր կողմից ծախսված գումարների:

 

ԼՈւՐԵՐ.com-ը դատական հայցի վերաբերյալ մեկնաբանություն ստացավ նաև Հանրային հեռուստաընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնից, որտեղից մեզ պատասխանեցին, որ ներկայացված հայցը Հանրային հեռուստաընկերությունը համարում է ակնհայտ անհիմն՝ շեշտելով՝ իրենց դիրքորոշումը վերոնշյալ հարցի մասին՝ արդեն հայտնել են դատարանին: