Ընտանեկան հոգեբան Արկադի Մեհրաբյանը Հայաստանում գրանցվող ամուսնալուծությունների համար մի շարք պատճառներ է առանձնացնում՝ արձանագրելով նաև, որ վերջին շրջանում ամուսնական զույգերը խնդիրների պարագայում հաճախ են դիմում հոգեբանների օգնությանը. «Ամուսնալուծությունների պատճառները շատ տարբեր են՝ սկսած աննշան դեպքերից մինչև ամենալուրջ խնդիրները: Օրինակ՝ սոցիալական խնդիրների պատճառներով ամուսնալուծությունների թիվը զգալի թիվ է կազմում: Այսինքն՝ երբ ամուսինները չեն կարողանում կիսել ինչ-ինչ նյութական դժվարություններ, դրա վերջնարդյունքը լինում է ամուսնալուծությունը: Ամուսնալուծությունների պատճառներից ինձ համար ամենացավալին տղամարդու և կնոջ անհապատասխանությունն է, երբ կանայք շատ ավելի ուժեղ են լինում, քան տղամարդիկ: Նման ամուսնական զույգերի մեծ մասը որոշ ժամանակ համատեղ կյանքից հետո, միևնույնն է, ամուսնալուծվում է»:
Արկադի Մեհրաբյանը, որպես ամուսնալուծությունների ցավոտ հետևանք՝ առանձնացնում է այն, երբ ծնողները փորձում են երեխաներին որպես զենք օգտագործել՝ շատ հաճախ նաև միմյանցից վրեժ լուծելու նպատակով. «Երեխաների առկայության դեպքում ամուսնալուծված զույգերը երեխաներին օգտագործում են որպես գործիք, իսկ երբ դեռ երեխա չի ծնվել ընտանիքում, շատ հաճախ այդ հանգամանքը կարող է բաժանման պատճառ դառնալ»,-նշեց հոգեբանը՝ հավելելով, որ շատ դեպքերում, մեկ տարվա շեմը դեռ չհաղթահարած՝ զույգերն ամուսնալուծվում են:
ԼՈւՐԵՐ.com-ը հոգեբանին խնդրեց բերել իր պրակտիկայից ամենատարօրինակ և զավեշտալի դեպքերից օրինակներ:
«Ինձ պատահած զավեշտալի դեպքերից մեկն այն էր, երբ մոտ 29 տարեկան ամուսինը դիմել էր հոգեբանական կենտրոն՝ աջակցություն ստանալու համար: Վերջինս դժգոհում էր, որ ինքը ժամանակ չի տրամադրում կնոջը՝ ինչը կնոջ մոտ դժգոհություն էր առաջացնում, այսինքն՝ տղամարդն ընդունում էր իր բացթողումն ու այդ մասին բարձրաձայնում հոգեբանին: Բնականաբար, աշխատանքներ տարվեցին, որ զույգը չամուսնալուծվի: Շատ են նաև դեպքերը, երբ տղամարդիկ ինքնուրույն չեն, ակնհայտ կախվածություն ունեն իրենց ծնողներից և չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, ինչն էլ դուր չի գալիս նրանց կանանց: Այս պարագայում ընտանիքների մեծ մասն ամուսնալուծվում է: Հետաքրքիր է, որ նաև տղամարդիկ են ամուսնալուծություն պահանջում՝ պատճառ բերելով խոհանոցում եփել-թափել չիմացող կնոջ թերությունները»:
Աղավնի Սուքիասյան