ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանը, ասաց.

 

«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի գլխավոր քարտուղար ունենալն ինչքան խնդրի լուծում է, այնքան էլ միաժամանակ կարող է խնդրի բարդացում լինել, որովհետև Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այլ կշիռ ուներ, Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի կողմից արվելիքն՝ այլ:

 

Հասկանալի է, որ շատերի համար ընկալումը լինելու է այսպես՝ դե, Հայաստանի քաղաքացի է, ի՞նչ պետք է ասեր», – ասաց նախարարը: Նախարարը հավելեց, որ Յուրի Խաչատուրովը որպես Հայաստանի քաղաքացի չէ այդ պաշտոնին. նա այլևս միջազգային պաշտոնյա է և ունի իր սահմանափակումներն ու կանոնները: «Ինչպես նաև դիրքորոշում հայտնելու կանոններ կան, ինքը մինչև դիրքորոշում հայտնելը համաձայնեցնում է այն՝ անդամ մյուս երկրների հետ», – ասաց Վիգեն Սարգսյանը:

 

Որո՞նք են այն հնարավոր խնդիրները, որոնց հետ Հայաստանը կարող է բախվել Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելուց հետո: Մի կողմից՝ հաշվի առնելով ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը՝ Հայաստանը լուրջ պատասխանատվության տակ է ընկնում, ինչը ենթադրում է, որ կամա թե ակամա՝ ստիպված ենք լինելու ադեկվատ կերպով արձագանքել ուժային կենտրոններից եկող մեսիջներին:


Շատ դեպքերում այդ արձագանքը կարող է լինել ոչ ի օգուտ մեզ: Ստանձնած պարտավորությունները որևէ կերպ չեն ընդլայնելու մեր հնարավորությունները, ինչն ինքնին լուրջ խնդիր է: Ավելին, մեծ հարց է, թե արդյո՞ք այդ պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի առկայությունը չի կաշկանդելու ՀԱՊԿ ոչ դաշնակցային պահվածքի վերաբերյալ Հայաստանից հնչող ընդդիմախոսությունը, երբ Երեւանի քննադատությանն ի պատասխան՝ պարզապես մատնացույց կանեն Գլխավոր քարտուղարին: Արդյո՞ք Հայաստանին այդ պաշտոնը չեն տվել Հայաստանից ազատվելու համար: Ի վերջո, Հայաստանի համար միանգամայն անպատեհ էր գլխավորել մի կառույց, որը Մոսկվան առաջին իսկ հարմար եւ անհարմար առիթով փորձում է հակադրել ՆԱՏՕ-ին:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ