«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2008-ի մարտի 1-ի ողբերգության հիմնական սև էջը գրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ հենց Քոչարյանն էր այդ պահին ՀՀ նախագահը և հենց նա էր պատասխանատու ամեն ինչի համար: Սակայն Պետրոս Մակեյանը նշեց, որ այդ ժամանակ առանց Սերժ Սարգսյանի իմացության ոչինչ չէր արվում:

Ըստ Պետրոս Մակեյանի՝ եթե քաղաքական պատճառներ լինեին, ապա իրավական առումով ոչ մի խնդիր չէր լինի: «Բայց ոչ Մարտի 1, ոչ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունները չեն բացահայտվի քանի երկրում գործում է այս ռեժիմը: Մեր երկրում գործում է պատվերով բացահայտվելու սկզբունքը»,- ասաց նա:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահը նշեց, որ այսօրվա հետընտրական զարգացումները հարց են առաջացնում՝ թե արդյոք հնարավոր է նոր Մարտի 1: Ըստ Պետրոս Մակեյանի՝ նման բան երկրորդ անգամ չի տեղի ունենա, քանի որ շատ բան է փոխվել:

«Փոխվել է հասարակությունը, միջազգային կառույցների վերաբերմունքը, որովհետև գիտեն, որ Մարտի 1–ը չբացահայտվեց, իշխանությունն էլ մեկը չմարսած երկրորդին չի գնա»,- բացատրեց նա:

Ըստ Պետրոս Մակեյանի՝ այսօր հասարակությունը ոչ այնքան Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ տեսավ այլընտրանքը, այլ պարզապես զզվել էր նույն դեմքերից, նույն կեղծիքներից:

«Նրանք ընտրեցին Րաֆֆիին: Մենք ողջունում ենք հասարակության ըմբոստացումը և մենք ժողովրդի հետ ենք, մասնակցում ենք գործընթացներին: Բայց ժողովուրդը մնում է հրապարակում, քանի դեռ տեսնում է գործ է արվում։ Երբ տեսնում է խուճուճ բաներ են լինում, էլ չի գալիս»,- ասաց նա և ընդգծեց, որ ընդդիմությունն իր անելիքը պետք է անի մինչև Սերժ Սարգսյանի երդմնակալությունն ապրիլի 9-ին:

Պետրոս Մակեյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում պետք է հետևություններ անի թե՛ իշխանությունը, թե ընդդիմությունը:

«Ելքը փոխզիջումն է, բայց իրական իմաստով, ոչ թե՝ թատրոնի: Երբ ՀԱԿ-ը 2011-ին իշխանության հետ գնաց երկխոսության՝ խաբվեց: Այսօր իշխանության առջև պետք է հստակ գրաֆիկա դրվի, թե չէ էլի կստացվի նույն ցիկլը: Բայց, եթե ընդդիմությունը պաշտոնների գնաց, ապա դա որևէ բան չի տալու»,- ասաց նա և ընդգծեց, որ անհրաժեշտ է լուծարել խորհրդարանը և նոր ընտրություններ անցկացնել:

Պետրոս Մակեյանի կարծիքով՝ այսօր իշխանությունն այլ տարբերակ չունի, քան զիջումների գնալ: «Իշխանությունը վերջնական պատասխան չի տվել, այս պահին ընթանում են շուկայական գործընթացներ, բայց ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա: