Ըստ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը մի դրական բան արեց. սովորեցրեց ժողովրդին երկարատև պայքարի:

«ՀԱԿ-ից ամենամեծ հիասթափությունն այն է, որ կանգնեցրեց ժողովրդին դատարկ տաշտակի առջև»,- իր միտքը շարունակեց նա:

Այնուհետև Պետրոս Մակեյանը անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի այն որոշմանը, որով ՀԱԿ դաշինքը պետք է վերածվի կուսակցության: Նա նշեց, որ ստացվում է այնպես, որ ՀՀՇ-ն փոխակերպվում է ՀԱԿ-ի:

«Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս ՀՀՇ-ի համագումարին հայտարարեց, որ դե ֆակտո կոնգրեսը մեկ տարի է գոյություն չունի: Պարզվեց, որ զուր աշխատանք էինք տանում մեկ տարի, քանի որ մեր լիդերը որոշել էր, որ այն այլևս գոյություն չունի ու պետք է քանդվի: Գիտենք, որ բոլոր ուժերը հրաժարվեցին մտնել ՀԱԿ կուսակցության մեջ: Վերջում ստացվեց այնպես, որ ՀՀՇ-ն պետք է փոխել ՀԱԿ-ով, որին կմիանան մի քանի անկուսակցական ՀԱԿ անդամներ»,- ասաց Պետրոս Մակեյանը:

Նա նշեց, որ այս պահին դժվար է ասել, թե ինչ կստանա ՀՀՇ-ն ՀԱԿ դառնալուց հետո, սակայն ըստ նրա, դա լավ հանգրվանի չի հասցնի: