«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Քանաքեռ համայնքում քարոզարշավի ժամանակ կարեւոր բացահայտում արեց։ Շամպայն, գինիների գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի բակում Փաշինյանը հայտարարեց, թե 2008–2009 թվականին, երբ գտնվում էր ընդհատակում, չորս ամիս թաքնվել է հենց այդ շենքում։ Փաշինյանի հայտարարությունից անակնկալի եկան նույնիսկ «Ելք» դաշինքի որոշ անդամներ։
«Այս շենքի բնակիչների համար ես կարեւոր հայտարարություն ունեմ. 2009 թվականին ընդհատակում գտնվելու ընթացքում ես չորս ամիս ապրել եմ ձեր շենքում եւ դուք չեք իմացել դրա մասին»,–հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը 2008 թ. մարտի 2-ին քաղաքական հետապնդումներից խուսափելով անցել էր ընդհատակ, որտեղ 1 տարի 4 ամիս մնալուց հետո 2009 թ. հուլիսի 1–ին ինքնակամ ներկայացել է ՀՀ դատախազություն, կալանավորվել եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվել է, իսկ 2011 թ. Մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20 ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ արձակվել, 2012–ին ընտրվել պատգամավոր։
Աղբյուրը` News.am