ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագիծը: Նախարարն իր խոսքում ընդգծեց՝ գործող օրենսգիրքն ընդունվել է նախորդ դարի 1985 թվականին և այդ պահից ի վեր՝ օրենսգրքում կատարվել են իրարամերժ, հակասական փոփոխություններ, որոնք ունեն կարկատանի տեսք:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Փաստաբանների պալատի անդամ Արսեն Մկրտչյանն, անդրադառնալով նախարարի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագծին՝ նշեց՝ այն սկսել էր զավեշտի նմանվել, քանի որ մինչ այժմ չէր փոփոխվել. «Իհարկե, այդ օրենսգիրքը չի լինի իդեալական, որովհետև ժամանակն է թելադրում փոփոխությունները: Պարզապես այս փոփոխությունը չափից շատ ուշացավ: Սահմանադրության հետ կապված՝ մի շարք օրենքների փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Վարչական իրավախախտումների դեպքում՝ վաղուց, կարելի է ասել՝ մինչև սահմանադրական փոփոխություններն էր առաջացել այդ անհրաժեշտությունը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ԽՍՀՄ-ի տարիներին գրված օրենքնսգրքով առաջնորդվելը նորմալ չէ:
Փաստաբանի կարծիքով՝ Աշխատանքային օրենսգրքի հետ կապված՝ Արփինե Հովհաննիսյանի դիտարկումները տեղին էին և համամիտ է այն տեսակետի հետ, որ այս նախագիծը տրամաբանական կապի մեջ չէ Քրեական օրենսգրքի հետ:
Նա ընդգծեց՝ թեև ինքը սիրում է քննադատել և դրանից հաճույք է ստանում, սակայն սա այն բացառիկ դեպքերից է, երբ նախարարի գործելաոճը ստիպում է չքննադատել ու չխոչընդոտել:
Անդրադառնալով նախարարի դիտարկմանը՝ կապված ԽՍՀՄ տարածք, պատգամավորների խորհուրդներ, սոցիալիստական սեփականություն եզրույթների հետ, նշեց, որ ամոթ է, պարզապես, որ մինչև հիմա չեն հանվել այդ եզրույթները. «Զարմանում եմ՝ ինչո՞ւ մինչև հիմա այդ եզրույթները չէին հանել: Դրանք իրավաբանական պրակտիկայում բավականին լուրջ խնդիրներ էին առաջացնում: Երբ կառավարության նիստում քննարկումներ էին լինում, մենք՝ որպես փաստաբաններ, գնում էինք իրավունքներ պաշտպանելու, վարույթ իրականացնող մարմնին դնում էինք այնպիսի վիճակի մեջ, երբ փաստացի՝ զանցանքը կա, բայց չեն կարողանում վարչական ուժ կիրառել: Ստեղծվել էր անջատ իրավիճակ և դրա վառ ապացույցը կառավարության նիստերից մեկի ժամանակ Արփինե Հովհաննիսյանի և Վովա Գասպարյանի քննարկումն էր, երբ Վովա Գասպարյանն ասաց՝ ունեն վարչականով նախատեսված ուժ, որին հակադարձեց Արփինե Հովհաննիսյանը՝ ասելով, որ այդտեղ հակասություն կա»,- ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ օրինակ բերելով աղբը թափելու դեպքը. «Մի փաստաբան կգնար-կկանգներ ոստիկանի դիմաց, կասեր՝ Ձեր գործողությունները ապօրինի են և չեն համապատասխանում գործող օրենքին և կշարունակեր իր հանցանքը կատարել»:
Արսեն Մկրտչյանը, խոսքը եզրափակելով, նշեց՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի փոփոխությունների դեպքում կարևոր է հաշվարկել և գնահատել վերջնական էֆեկտը: