Նորություն չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ մեր երկրում մշտապես կա ու գոյություն է ունեցել մի խնդիր, որի լուծումն այդպես էլ չի երևում: Խնդիրն այդ, երևիթե, ավելի շատ մարդածին է, քան՝ արհեստածին, քանի որ խոսքը գնում է պատասխանատվություն կրելու պրակտիկայի՝ Հայաստանից իսպառ բացակայության մասին:

Մասնավորապես՝ լրջագույն հարցեր են առաջանում՝ կապված տնտեսական վատթար ցուցանիշների հետ, որ հատկապես վերջին շրջանում գրանցում է Հայաստանն իր ակտիվում: Օրերս Կառավարության կողմից հավանության արժանացած 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, պետք է նկատել՝ ուղղակի ողբալի է: Բանն այն է, որ թերակատարվել են բյուջեի և՛ եկամտային, և՛ ծախսային հատվածները: Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար ուղղակի պետք է մեջբերել համապատասխան թվերը. բյուջեի՝ եկամուտների գծով թերակատարումը 10 մլրդ դրամ է կազմել, եկամուտների գծով թերակատարումը՝ 15 մլրդ դրամ, իսկ ահա ինչ վերաբերում է դեֆիցիտին, ապա այստեղ պատկերն առավել քան «շքեղ» է՝ 278 միլիարդ դրամ՝ կազմելով ՀՆԱ-ի 5,5%-ը:

Սակայն, ամենահետաքրքրականն այս ամենում այն է, որ այս ամենին զուգահեռ՝ կառավարությունում չեն զլացել ու որոշել են մարդկանց տրամադրությունը չփչացնելու համար իբր հուսադրող ցուցանիշներ հրապարակել: Ըստ այդմ՝ պարզվում է, որ չնայած այս անհույս վիճակին, երբ մի կողմից բյուջեի դեֆիցիտն է ավելանում, մյուս կողմից էլ եկամուտներն են պակասում, Հայաստանում, այնուամենայնիվ, տնտեսական առաջընթաց գրանցվել է. Կառավարության հաշվետվությունից բոլորովին անակնկալ կերպով ինքներս մեզ համար պարզում ենք, որ Հայաստանում, ասենք, գործազրկությունը որոշակի անկում է ապրել, արտահանումն՝ աճել, տնտեսության վարկավորման ծավալները թռիչքաձև աճ են արձանագրել: Մի խոսքով՝ Հայաստանն առաջ է ընթանում արագ տեմպերով, ինչը, սակայն, կարողանում են նշմարել բացառապես հայրենի Կառավարությունում:

Ընդհանրապես՝ պետք է ընդգծել, որ պարբերաբար ներկայացվող լավատեսական թվերի պակաս՝ հայաստանյան հանրությունը կարծես չի զգում: Այս յուրատեսակ տենդենցը հատկապես նկատելի էր նախընտրական շրջանում, ու շատերը սույն երևույթը պայմանավորում էին հանրության շրջանում կեղծ առաջընթացի վերաբերյալ տպավորություն ստեղծելու՝ ոմանց ցանկությամբ: Դատելով, սակայն, վերոգրյալից՝ կարող ենք ասել, որ համապատասխան միտումը շարունակական բնույթ է կրելու, իսկ թե ինչու, սա արդեն հարցի մեկ այլ, շատ ավելի բարդ կողմն է:

Սարկազմը՝ սարկազմ, բայց իրավիճակն իրոք որ ողբերգական է: Իսկ ողբերգական իրավիճակներն, ինչպես հայտնի է, ծնում են հարցեր, որոնք անպայմանորեն պատասխաններ են պահանջում ու նույնիսկ պարտադրում: Պատասխանող, սակայն, գոնե այս պարագայում, կարծես թե չկա, չկա մեկն, ումից հասարակությունը կկարողանար ինչ-որ կերպ կորզել իրեն հուզող հարցերի պատասխանները, մեկն, ով գոնե ինչ-որ կերպ կհիմնավորեր տիրող անհույս պատկերի և հասարակ տրամաբանության միջև գոյություն ունեցող հնարավոր կապը:

Թե երբ է հաջողվելու այս անկումային վիճակը գոնե ինչ-որ կերպ կամ ինչ-որ չափով հաղթահարել, իհարկե, մնում է միայն կռահել, բայց որ իրավիճակն իրոք որ ավելորդ լավատեսության տեղ չի թողնում, անկասկած է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ