«Երիտասարդական համաձայնություն» ՀԿ-ի ղեկավար, «Միասնություն» համազգային շարժման համախոհ Վաչիկ Գրիգորյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում խոսելով «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորների շուրջ ստեղծված լարված իրավիճակի մասին նշեց, որ ինքը, որպես Հայաստանի երիտասարդ քաղաքացի և քաղաքագետ դրական է գնահատում այսօր ԿՀԸ ներկայացած «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորների քայլը, որովհետև նրանք մինչև վերջ պայքարեցին իրենց օգտին տրված յուրաքանչյուր քվեի համար, քանի որ դա առաջին հերթին քաղաքացու վստահությունն է, որը չի կարելի ոչ մի կերպ փոշիացնել:

 «Մարդիկ ստացել են քաղաքացու վստահության քվեն՝ դառնալով պատգամավոր, սակայն պարզվում է, որ նրանց պարտադրել են ինքնաբացարկի դիմում գրել՝ անկախ նրանից՝ թե որքան ձայն են կարողացել ստանալ: Եվ ճիշտ արեցին պատգամավորները, որ պայքարեցին և տեր կանգնեցին իրենց քվեին՝ կուլ չգնալով նկուղային պայմանավորվածություններին: Այսօր ԿԸՀ-ում իրենց մանդատին տեր կանգնած պատգամավորները ցույց տվեցին, որ չեն փոշիացնի իրենց տրված վստահությունը , թեև, վստահ եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր այս քայլը կդիտարկեն որպես պաշտոնատենչություն, բայց ես այն որակում եմ այսպես՝ «մարդիկ չանտեսեցին իրենց օգտին քվեարկած մարդկանց վստահությունը»»: 

Վաչիկ Գրիգորյանի դիտարկմամբ՝ բացառված չէ, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից ԿԸՀ-ում հայտնված պատգամավորների վրա կլինեն որոշակի ճնշումներ, բայց չի բացառվում, որ նրանց այս համարձակ քայլը դառնա քաղաքական նոր զարգացումների սկիզբ. «Այս ամենի մեջ կարևորվում է մեկ բան, երբ պատգամավորը թույլ չի տալիս իրեն խաբել և իրենից վերցնել այն, ինչ ինքն է վաստակել՝ հասարակության հետ տարված իր աշխատանքի շնորհիվ, դա խոսում է քաղաքական ճիշտ մոտեցման մասին. այս պատգամավորները ժողովրդին կարծիքը չանտեսեցին»: 

Խոսելով «Ծառուկյան» դաշինքում ծավալվող խմորումների մասին՝ վերջինս նշեց, որ դաշինքի ներսում ի սկզբանե խմորումներ են եղել և դրանք գնալով առավել սրվել են. «Պատգամավորներին պարտադրվող ինքնաբացարկի դիմումները դեռ սկիզբն են, կարծում եմ` շուտով ականատես կլինենք նոր զարգացումների, որոնք կբխեն դաշինքի ներսում առկա տարաձայնություններից և հակասություններից»:

Աղավնի Սուքիասյան