Հրապարակվել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի պատասխանները՝ հինգերորդ առցանց հարցուպատասխանի շրջանակներում իրեն ուղղված շուրջ 25 հարցին, որոնք վերաբերում են տնտեսությանը, ենթակառուցվածքներին, կրթությանը, սիրիահայերի վերաբնակեցման ծրագրերին, բնակարանաշինությանը և մի շարք այլ ոլորտների:
Պատասխանելով սիրիահայերի վերաբնակեցմանը վերաբերող հարցին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը հնարավորին չափ աշխատանք է կատարել Արցախ տեղափոխված սիրիահայերի տեղավորման և ինտեգրացիայի ուղղությամբ:
«Ովքեր եկել են, մեծ սիրով ընդունել ենք, և Արցախի կառավարությունն ու արցախցիները նրանց համար պայմաններ են ստեղծել եղած հնարավորությունների սահմաններում: Ստեղծել ենք բնակարանային ու կենցաղային այլ պայմաններ, բիզնեսի զարգացման հնարավորություններ՝ աշխատանքի տեղավորելով, հողագործներին հող ու վարկեր տրամադրելով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Սպայական անձնակազմի ուսանող զավակների՝ կառավարության կողմից ուսման վարձի փոխհատուցման կարգի վերաբերյալ հարցի կապակցությամբ վարչապետը նշել է, որ գործող ծրագիրը Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից է բխում, և այն պետք է տարածվի ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ուսումնառության ծրագրերի վրա: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ հարցը պետք է անպայման ուսումնասիրել և արտոնություններ տալ նաև մագիստրատուրայում սովորող՝ սպայական անձնակազմի ուսանող երեխաներին:
Վարչապետ Հարությունյանի պատասխանների տեսանյութը՝ ստորև.