Հաղթանակը միայն այն չէ, ավելի շուտ՝ բնավ էլ այն չէ, ինչ ձեռք է բերվում ռազմի դաշտում, պատերազմում: Հաղթանակը բովանդակություն, ինստիտուցիոնալ արժեք, զարգացման վեկտոր դառնում է հենց հետպատերազմյան խաղաղության տարիներին:

Մենք մի կատակլիզմ ապրեցինք, որի անունը Խորհրդային միություն էր։ Հետո գնացինք անկախության վերականգնման ճանապարհով եւ հասանք 100 տոկոսանոց արդյունքի։ Ստեղծեցինք պետություն։ Սկսվեց պատերազմ, որում հաղթեցինք, հետո սկսվեց կյանքի բնականոն ենթակառույցների վերականգնումը, նորմալ կյանքի ու հասարակության ստեղծումը։ Հաղթելով պատերազմում, մենք որոշակի պարտություն կրեցինք խաղաղ կյանքում։ Հռչակեցինք արժեքներ, համախմբվեցինք դրանց շուրջ, բայց մեր առօրյա կյանքում դավաճանեցինք դրանց։ Գիտե՞ք ոնց է լինում, որ մենք հաղթում ենք պատերազմում, բայց պարտվում՝ խաղաղությանը:

Մենք հերոսացնում ենք զինվորներին, կամավոր մեկնում ճակատ՝ մահվանն ընդառաջ: Համարում ենք, որ հայրենիքի համար զոհվելը սուրբ գործ է, իսկ քաղաքականությամբ զբաղվելը՝ կեղտոտ զբաղմունք: Բայց պատերազմի շարունակությունը քաղաքականությունն է, ու կռվի դաշտում արյան գնով նվաճած հաղթանակը պետք է ամրագրել քաղաքականության ու դիվանագիտության մեջ: Բայց քաղաքականությունը կեղտոտ բան է, դրա համար՝ մենք հեռու ենք մնում, որոշում մնալ մաքուր, և արյամբ նվաճած հաղթանակը թողնում ենք անտեր՝ քաղաքական դաշտում: Հետո գալիս են նրանք, ովքեր պատրաստ են կեղտոտվել ու ձեռք են գցում մեր մաքուր հաղթանակին, և դրա հետ անում են այն, ինչ արեցին՝ 1994 թվականից մինչև այսօր: Հետո սկսվում է մի նոր պատերազմ ու մենք նորից մեկնում ենք ճակատ, հերոսացնում ենք զինվորներին: Բայց չէ՞ որ հերոսների հիշատակը հարգելու ամենալավ ճանապարհը նրանց հաղթանակը շարունակելն է, ոչ թե այն անտեր թողնելը՝ խաղաղության ռազմաճակատում:

Հայաստանը բարոյապես մաշել, մսխել է այն հաղթանակը, որ ձեռք է բերել արցախյան պատերազմում, որովհետև այդ հաղթանակը չդարձավ կայուն խաղաղություն, ռեգիոնալ համագործակցություն և տարածաշրջանային անվտանգության միասնական համակարգ: Մեզ չհաջողվեց ստեղծել նոր որակի պետություն, որի հիմքում կլինի ՀՀ քաղաքացին և նրա շահը:

Մեզ պետք են համակարգային փոփոխություններ, բայց դա կատարելու համար պետք է միմիայն քաղաքական կամք: Չերչիլն ասում էր' ինչո՞վ են տարբերվում պետական գործիչները քաղաքական գործիչներից. պետական գործիչները միշտ մտածում են սերնդի մասին, իսկ քաղաքական գործիչները' արտահերթ կամ հերթական ընտրությունների մասին: Հիմա չկան պետական գործիչներ, և մարդիկ մտածում են միայն սեփական քսակի և արտահերթ կամ հերթական ընտրությունների մասին: Ղարաբաղյան պատերազմն ու չկարգավորված հակամարտությունը դարձան ալիբի, որի միջոցով Հայաստանի՝ իրար հաջորդող իշխանություներն արդարացնում են իրենց թալանը:

Մենք հաղթեցինք Արցախի ազգային ազատագրական պայքարում, որը դիտում էին որպես պատերազմ հանուն արդարության: Պատմական արդարության: Այդ հաղթանակից անմիջապես հետո մեզ համար աննկատ՝ սկսվեց քաղաքացիական պատերազմ, որտեղ մենք պարտվեցինք անարդարությանը: Եթե մենք կարողացանք վերականգնել պատմական արդարությունը, մենք չկարողացանք պահպանել և կառուցել սոցիալական արդարություն: Եվ հիմա Հայաստանում փաստացի լատենտ, դանդաղ ընթացող, երբեմն՝ ոմանց համար ոչ այնքան ակնհայտ, բայց շարունակվող քաղաքացիական պատերազմ է՝ հանուն արդարության. մի կողմից իշխող մասն է՝ իր սպասավորներով, մյուս կողմից՝ աշխատավոր ժողովուրդը:

Եվ թեեւ մենք շարունակ պարտություն ենք կրում, սակայն, ի տարբերություն դրսի պատերազմների, որոնց արդյունքները կարող են անխախտ լինել դարերի ընթացքում, ներքին պատերազմները միշտ ավարտվում են անարդարության պարտությամբ: Անարդարությունը չի կարող երկար իշխել, որովհետեւ այն արտահայտվում է անբնական ձեւերով՝ անարդարություն տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգեբանական եւ այլն: Պատերազմում հաղթելուց հետո, կարևորը եղավ այն, որ իրեն պետություն հռչակած արագ հարստացած խավին ժողովուրդն այլևս պետք չէր: Ժողովրդավարության համաշխարհային ճգնաժամը կայանում է նրանում, որ ներկայացուցչական ժողովրդավարությունն այլևս չի կարող արտահայտել ժողովրդի շահերը: Դրա ապացույցները մենք տեսնում ենք շուրջբոլորը:

Ամենակարևորը' հասկանալ, որ մենք հաղթում ենք միայն այն դեպքում, երբ ժողովուրդը վերցնում է իշխանությունը և պատասխանատվությունն իր վրա: Հենց մենք զիջում ենք իշխանությունը, մենք սկսում ենք պարտվել: Անկասկած՝ ոչ անվերադարձ, բայց Հայաստանը կորցրել է երկու թանկ տասնամյակ, ինչի համար մենք ստիպված եղանք հատուցել մեր լավագույն տղաներից ավելի քան 100-ի կյանքով՝ մեկ տարի առաջ, ապրիլին: Նրանք իրենց կյանքի գնով ուղղեցին մեր երկու տասնամյակի սխալները, վրիպումներն ու բացթողումները՝ մեզ տալով նոր հնարավորություն:

Ստելլա Խաչատրյան