«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ հանրապետության տարածքում չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը բացառելու նպատակով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և ներկայացնում իրականացված աշխատանքները։

- Սպասարկվող վարչական տարածքում չսահմանված վայրերում աղբի կուտակումներ հայտնաբերելիս ձեռնարկվել են գործուն միջոցներ աղբը թափողի ինքնությունը պարզելու ուղղությամբ և այդ մասին իրազեկվել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ։

- Չսահմանված վայրերում աղբը թափող անձի ինքնությունը հայտնի լինելու պարագայում վերջինիս տրամադրվել է սեղմ ժամկետ՝ իրավախախտման հետևանքները վերացնելու համար և այդ մասին իրազեկվել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ։

- Ավտոճանապարհներին ճանապարհապարեկայնի ծառայություն իրականացնելիս տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելու դեպքերով օրենքով սահմանված կարգով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

- «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում համայնքային խորհուրդների հետ համագործակցելով՝ ոստիկանության կողմից ազգաբնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ բնակավայրերում, ճամփեզրերին, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ։

- Սպասարկվող երթուղիներում՝ առավելապես հանգստի և ժամանցի գոտիներում, զբոսաշրջության վայրերում, քաղաքացիների կողմից աղտոտումը կանխելու նպատակով հրահանգավորվել են ՊՊԾ վերակարգերը։

- Սպասարկվող վարչական տարածքներում տնտեսվարող սուբյեկտների՝ առևտրի, սննդի, ժամանցի, հանգստի, ինչպես և մյուս կազմակերպությունների տնօրինությանը ոստիկանության կողմից խիստ նախազգուշացվել է՝ իրենց կողմից վերահսկվող և հարակից տարածքները մաքուր պահելու ուղղությամբ։

- Հասարակական վայրերում և ավտոճանապարհներին աղբի կուտակումները վերացնելու նպատակով միջնորդագրեր են ներկայացվել տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններ։

Այսպիսով՝ կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է․

- Չսահմանված վայրերում աղբ թափելու 685 դեպք,

- Չսահմանված վայրերում աղբ թափող 347 անձ,

- Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել է 308-ը,

- Միջնորդագրեր են ուղարկվել ՏԻՄ մարմիններ՝ 139։

- Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության անձնակազմի կողմից ՀՀ ՎԻՎ օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով կազմվել է 287 արձանագրություն: