Բրիտանական Guardian-ը գրում է, որ Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկաթը կանգնած է Բրյուսելում հետզհետե ուժեղացող ընդվզման առաջ․ Եվրախոհրդարանի անդամները պահանջում են նրա հրաժարականը՝ պայմանավորված կոռուպցիոն մի սկանդալով, որում ներքաշված է նրա կինը և պանամական օֆշորային մի ընկերություն։ Ըստ պնդումների՝ վարչապետի ընտանիքը գումարներ է ստացել Ադրբեջանի նախագահի դստերից։

Միջերկրածովյան կղզու՝ ԵՄ-ում նախագահությունը, գրում է Guardian-ը, հարվածի տակ է հայտնվել փողերի լվացման հետ կապված պատմությունների պատճառով։ Սկանդալը ծագել է անցյալ տարի «Պանամական փաստաթղթերի» հրապարակմամբ։

Այսպես՝ Մալթայի մասնավոր բանկերից մեկի սեփականատերը, որը, ըստ պնդումնեերի, ունեցել է Մուսկաթի կնոջը պատկանող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներ, սեփականատիրոջ երկու մտերիմ կուսակիցներ և Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևան տեսանկարահանվել են գիշերը նրա գրասենյակից դուրս գալիս՝ փաստաթղթերով լի թղթապանակներով։

«Պիլատուս» բանկից տեղեկություններ հաղորդած մեկը պնդում է, որ ոստիկանությունն իրեն սպառնում է և հետապնդում այն բանից հետո, երբ իր՝ արդեն նախկին գործատուն բողոք է ներկայացրել իր դեմ։ Տեղեկատուն ձերբակալվել է անցյալ տարի, նրա անձնագրերն առգրավված են, արգելվում է նրա մուտքը Մալթա․ անգամ չի կարողացել մասնակցել մոր հուղարկավորությանը։

Այժմ Մալթայի ընդդիմության առաջնորդը պնդում է, որ ապացույցներ ունի առ այն, որ Մուսկաթի աշխատակազմի ղեկավար Քեյթ Շեմբրին կաշառքներ է ստացել՝ վաճառելով Մալթայի անձնագրեր մեծահարուստ ռուսաստանցիների։ Ստացված գումարներն ուղղվել են օֆշորներ։

Մուսկաթին հասցեագրվող մեղադրանքները, որոնք նա ժխտում է, անցյալ ամիս հենց վարչապետի խնդրանքով բացված դատական քննության առարկա են դարձել։ «Պիլատուս» բանկը հերքում է, որ երբևէ նման հաշվեհամարներ է ունեցել կամ դրամական գործարքներ կատարել։

Եվրախորհրդարանի համապատասխան մարմինները ճնշում են գործադրում Մալթայի վարչապետի վրա՝ պահանջելով ցուցմունք տալ։ Վարչապետի ներկայացուցիչներն ասում են, որ «այժմ ճիշտ ժամանակը չէ, և պետք է սպասել, որ ավարտվի դատական քննությունը»։

Անցյալ տարի գաղտնազերծված պանամական փաստաթղթերի համաձայն՝ Մուսկաթի աշխատակազմի ղեկավար Շեմբրին՝ այն ժամանակվա էներգետիկայի նախարար Կոնրադ Միցցիի հետ համատեղ, հիմնել է Պանամայում գրանցված ընկերություններ։ Նույն ժամանակահատվածում մալթական նույն հաշվից հիմնվել է երրորդը՝ «Էգրանտը»։

Այս տարվա ապրիլի 20-ին հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիզիան իր բլոգում պնդել է, թե ապացույց ունի՝ «Էգրանտ»-ի սեփականատերը վարչապետի կինն է՝ Միշել Մուսկաթը։

Լրագրողի պնդմամբ՝ Էգրանտին արվել են մի շարք դրամական փոխանցումներ։ Ամենամեծը՝ 1․017 մլն դոլարի չափով, արվել է անցյալ տարվա մարտին։ Դրանք, ըստ պնդման, արվել են «Պիլատուս» բանկի հաշվեհամարից, որը պատկանել է Al Sahra FZCO-ին։ Վերջինիս սեփականատերը Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլան է։

Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկաթն ու նրա կինը հերքում են գումարների ստացումն ու «Էգրանտ»-ին որևէ առնչություն ունենալը։ Նրանք ասում են, որ պնդումները հաստատող որևէ փաստաթուղթ չի հրապարակվել կամ տրամադրվել քննությանը։

civilnet.am