Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանը, որպես կոմիտեի ձեռքբերում, նշել է, որ խոշոր հարկ վճարողների մոտ ստվերն անցյալ տարվա 48.8 տոկոսից այս տարվա մարտին նվազել է մինչեւ 33.2 տոկոս:

Եթե 2016 թ. դեկտեմբերին ստվերը գնահատվում էր 48,8 տոկոս, նշանակում է խոշոր բիզնեսին այն ժամանակ «թույլատրված» էր թաքցնել եկամուտների կեսը: Դա վատ քվոտա չէր խոշորների համար: Ներկայում, ինչպես տեսնում ենք, պայքարը ստվերի դեմ որակապես նոր փուլ է թևակոխել, և ՊԵԿ բերված տասնորդական ճշգրտությամբ թվերը մեկ անգամ ևս վկայում են ՊԵԿ-ի կողմից տարվող աշխատանքների արդյունավետությունը: 2016 թվականի հոկտեմբերից 2017 թվականի ապրիլ ամիսներին՝ կոմիտեն ապահովել է 653.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե եկամուտների աճը կազմել է 46.1 մլրդ դրամ:

500.3 մլրդ դրամ ապահովվել է հարկային մարմինների, իսկ 153.5 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից: Հարկային մասով աճը կազմել է 43.1 մլրդ դրամ, իսկ մաքսային մասով՝ 3 մլրդ դրամ: Այս թվերից կարելի է հասկանալ, որ ՊԵԿ բարեփոխումները հիմնականում ուղղված են եղել ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային արտոնությունների ընդլայնմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին և օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ստեղծմանը:

Թե որքան է տնտեսության ստվերային հատվածը, կան տարատեսակ գնահատականներ՝ 40 տոկոսից մինչ 10-15 տոկոս: Ինչ-որ բան հուշում է, որ 40 տոկոսն ավելի մոտ է իրականությանը: Անվիճելի է, որ ստվերային տնտեսությունը մեր երկրի զարգացման առաջ կանգնած լրջագույն խոչընդոտներից է: Եվ այնպես չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաներն էլ դա չեն հասկանում: Ստվերի դեմ պայքարը պետք է լինի համակողմանի և ՊԵԿ-ի հիմնական գործառույթներից ու նպատակներից մեկը, եթե չասենք գերակա խնդիրը՝ ստվերի կրճատումը պետք է լինի: Դրա համար առաջ են քաշվել համապատասխան ծրագիր, գործողությունների հաջորդականություն, որը հաջորդաբար իրականացնելու դեպքում՝ գուցե դրական արդյունք արձանագրենք: ՊԵԿ-ը մի կողմից երաշխավորում է տնտեսվարող սուբյեկտներին, որ օրինական դաշտում աշխատող և հարկ վճարողը պետք է որևէ խնդիր չունենա, բայց մյուս կողմից՝ հարկ է նշել, որ տնտեսվարող սուբյեկտները նույնպես պետք է համապատասխան վարքագիծ դրսևորեն: Ստվերի դեմ պայքարը հնարավոր է միայն  գործընկերային ձևաչափով: Ակնհայտ է, որ եթե այս գործընթացը միակողմանի լինի, միայն ՊԵԿ-ն այդ միջոցառումները ձեռնարկի, տեսուչին պատժի, գործից ազատի՝ բիզնես հանրությունը պետք է ադեկվատ պատասխան տա, պետք է համատեղ մտնել գործընթացի մեջ, որ հաջողություններ ունենանք:

Օբյեկտիվորեն պետք է արձանագրենք, որ բարեփոխումներն առարկայական են դարձել՝ խոսքից անցնելով գործնական քայլերի մակարդակ: Վարչարարական բնույթի բազմաթիվ հարցեր, որոնք թղթաբանական քաշքշուկ և ժամանակի կորուստ են ենթադրում, անմիջապես ուշադրության են արժանանում և լուծվում: Կոմիտեն նաև բիզնես հանրությանն ուղղված բարեփոխումներ է նախաձեռնել, որոնց մի մասը դեռ ընթացքի մեջ են: Բարելավվել են մաքսային հսկողության ընթացակարգերը, մաքսային ստուգումներն ավելի հասցեական են դարձել և ներդրվել է մաքսային ձևակերպումների պարզեցված գործընթաց: Ինչպես գիտենք, քաղաքացիների և բիզնես սեկտորի դժգոհությունն առաջացնող հիմնական խոչընդոտները հենց սրանք էին: Այս ամենից մի քանիսն են ընդամենը համալիր գործողությունների շարքից, որոնք թույլ տվեցին ՊԵԿ-ին՝ անցած տարվա համեմատ էականորեն կրճատել ստվերը երկրի տնտեսության մեջ, ինչը, միանշանակ, դրականորեն է ազդելու տնտեսական միջավայրի առողջացման վրա: Կառավարության գերխնդիրն է շարունակում մնալ՝ ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ