Հյուսիսային պողոտայում ԵԼՔ դաշինքն այսօր՝ մայիսի 11-ին, հրավիրել է Երևանի ավագանու ընտրությունների ամփոփիչ հավաք:
ԱԺ պատգամավոր, Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց՝ երբ դաշինքը ստեղծվում էր, համոզմունք ունեին, որ ստորագրելու օրվանից Հայաստանի քաղաքական համակարգն այդ պահին եղած ներկապնակը չի ունենալու:
Նա ընդգծեց, որ դաշինքով ՀՀ-ում արվել են փոփոխություններ և կա հնարավորություն ուղղորդելու ավելի արագ փոփոխություններ իրականացնելու համար:
Մարուքյանը ներկայացրեց իրենց հիմնական երկու ուղերձները․«Առաջինը՝ չպետք է թույլ տալ, որ ՀՀԿ-ն իր ադմինիստրատիվ ռեսուրսը գործի դնի և Երևանում վերարտադրվի: Խնդրում եմ՝ մայիսի 14-ին, եթե անգամ կարկուտ գա, գնացե՛ք ընտրության, եթե անգամ անդադար անձրև գա՝ գնացե՛ք, անգամ եթե ձյուն գա, եթե անգամ, ձեզ տեղ են հրավիրել, գնացեք ընտրեք, և նոր գնացեք։ Մենք ամեն բան արել ենք, որ հասարակությունը հուսահատության փոսից դուրս գա»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ հաջորդ կարևոր քայլը ձայները չփոշիացնելն է, պետք է 14-ին ճիշտ ընտրություն կատարել և քվեարկել միայն ու միայն ԵԼՔ-ի օգտին․ «Գնացեք և քվեարկեք ԵԼՔ-ի օգտին, այլապես ձեր ձայները կարող են փոշիանալ, և դրանով աջակցություն ստացվի ՀՀԿ-ի վերարտադրման վաղուց սկսված պրոցեսին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մայիսի 14-ին տեղական մակարդակում փոփոխություն են սկսելու իշխանափոխության տեսքով: