Ավան վարչական շրջանի թիվ 01/19 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա տեղամաս էր եկել մոր, տիկկնոջ եւ զավակների հետ։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ քվեարկել է հանուն Երեւանի, հանուն ավելի լավ ու բարեկարգ մայրաքաղաք ունենալու: 

«Քարոզարշավի ընթացքում ես առիթ չեմ ունեցել ասելու, հիմա այդ առիթը կօգտագործեմ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել լրատվամիջոցներին այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար»,-ասաց նա:

Երեւանի քաղաքապետը համոզմունք հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում կարողացել են երեւանցիներին ներկայացնել մայրաքաղաքի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիրը:

Լրագրողները գործող քաղաքապետին մի քանի անգամ հարցրին, ինչպե՞ս է կուտակել իր հարստությունը, որին պատասխան Տարոն Մարգարյանը մի քանի անգամ կրկնեց. «վերցրեք, նայեք իմ ներկայացրած հայտարարագիրը»:

Նա խուսափեց մեկնաբանել նաև ընտրախախտումների, ընտրակաշառքի վերաբերյալ իր մրցակից ուժի` ԵԼՔ-ի տարածած հաղորդագրություններն ու բացահայտումները:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ է խուսափում բանավեճերից, Տարոն Մարգարյանն ասաց. «Բանավեճից չենք խուսափում: Մեր պատասխանը հստակ եղել է»: