Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված միջադեպերն իրենց բնույթով ու բովանդակությամբ չեն կարող ստվերել ընտրությունների որակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծեց՝ սպասենք արդյունքներին, որպեսզի փաստենք, որ այսօրվա միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունների ընթացքը:
Աշոտյանը նշեց՝ ՀՀԿ-ն աշխատել է օրենքի շրջանակներում և այն դեպքերը, որոնք իրավապահների կողմից կդիտվեն որպես օրենքի խախտում, պետք է իրենց ընթացքը ստանան:
Անդրադառնալով հայտարարություններին, թե պասիվ մասնակցություն է գրանցվել, Աշոտյանը շեշտեց․ «Ասեմ, որ սրանք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են։ Ցածր մասնակցությունը ընտրությունների ապաքաղաքական լինելու կարևոր ապացույցներից մեկն է, թեև ՀՀԿ-ի համար ցանկալի էր, որ մասնակցությունը լիներ ավելի բարձր»:
Նրա կարծիքով՝ այս ամենը նրա հետևանքն է, որ իրենց մրցակիցները չեն կարողացել ներգրավել երևանցիներին․ «Գուցե մի փաքր առաջ եմ ընկնում, սակայն եթե սխալ լինեմ, ցանկացած ժամի կարող եք ասել»։
«Քվեարկության ամփոփումը կլինի երևանցիների որոշման լեգիտիմ արդյունք»,- վստահություն հայտնեց Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ընտրությունները թեպետ իրենց ձևով քաղաքական են, այնուհանդերձ, դրանք իրենց բովանդակությամբ քաղաքական չեն:
Աշոտյանի դիտարկմամբ, Երևանն ընտրել է քաղաքի զարգացման ծրագիր, կոմունալ տնտեսության, ասֆալտապատման հնարավորությունների և այլ սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման բանաձևեր:
«Այն, որ ավագանու ընտրություններն ապաքաղաքական են՝ ապացուցում է երևանցիների մասնակցության թիվը: Վստահ ենք, երևանցիների քաղաքացիական պարտքի վրա ոչ ոք չի բռնացել և թեպետ մեկնաբանություններն այնպիսին են, թե ցածր մասնակցությունն ի վնաս իշխանութ յունների է՝ այնուհանդերձ կփաստենք՝ ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց կտա, որ այս մասնակցության արդյունքն ինչի հետևանք է: Ես կարծում եմ, որ հետևանք է այն հանգամանքի, որ մեր երկու մրցակից ուժերը չեն կարողացել հավատ ներշնչել, մոբիլիզացնել սեփական էլեկտորատը, գրավել երևանցիների սրտերը»,- ասաց Աշոտյանը: