Երեկ՝ մայիսի 14-ին, տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրություններ, որն ուղեկցվեց ընտրախախտումների մասին բազմաթիվ ահազանգերով, բախումներով, վեճերով, ինչպիսին, օրինակ, Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀԿ նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպն էր: Ի դեպ՝ միջադեպի արդյունքում ընդդիմադիր գործչի աղջիկը վնասվածքներ ստացավ և դեռևս գտնվում է հիվանդանոցում: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը քաղաքական այս անցուդարձի մեկնաբանման համար դիմեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի օգնությանը:

 

«Երևանի ավագանու ընտրությունների արդյունքը՝ ՀՀԿ-ի հաղթանակը, լիովին սպասելի էր: Իշխանությունները սրան վաղուց էին պատրաստվում, ունեին պատվիրված սոցիոլոգիական հարցումների տվյալներ և այդ արդյունքները տարածելու պարագայում ոչ ոքի չէին խնայում»,- ասաց քաղաքագետը:

 

Համբարյանի խոսքով՝ իր համար մեծ անակնկալ էր այն հանգամանքը, որ ընտրություններին մասնակցածների թիվը շատ փոքր էր: «Տարօրինակն այն էր, որ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս հետո ընտրողների թիվը կրճատվել էր մոտ 150 հազարով: Սրա արդյունքն այն է, որ Երևանի ավագանին, ապագա քաղաքապետը չի ներկայացնելու երևանցիների մեծ մասի կարծիքը: Այսինքն՝ ընտրություններին չի մասնակցել ընտրողների 59 %-ը և Երևանի քաղաքապետն ընտրվում է ընդամենը ընտրողների 41%-ի մասնակցության արդյունքում»:

 

Քաղաքագետը 150 հազար ընտրողի բացակայությունը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Այս ամենի պատճառը՝ առաջինը՝ կարող է լինել հիասթափությունը. ընտրողների կարծիքով՝ միևնույն է՝ իշխանությունները հասնելու են իրենց ուզածին: Գուցե սա ընտրությունների միջոցով երկրում ինչ-որ բան փոխելու պահանջն էր: Երկրորդ պատճառն այն է, որ քաղաքական ուժերը ընդամենը երեքն էին: Երրորդը՝ ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի ունեցան մասշտաբային կեղծիքներ և բազմաթիվ օլիգարխներ ձայներ ապահովելու համար մարզերից էին մարդկանց բերում, գրանցում Երևանում: Չորրորդ՝ քաղաքական ուժերի ծրագրերը դուր չեկան հասարակության որոշ մասին»,- ասաց նա:

 

Համբարյանը վերընտրված Տարոն Մարգարյանին չի համարում ուժեղ քաղաքապետ. «Ընտրողների 59%-ը չի մասնակցել ընտրություններին, և այս արդյունքը ցույց է տալիս, որ Երևանի վերընտրված քաղաքապետը չի ստացել ընտրողների մեծ մասի քվեն»:

 

Անդրադառնալով ընտրության օրը «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փաստանջյանի հետ միջադեպերին, քաղաքապետը նշեց. «Ինչ տեղի էր ունենում ՀՀԿ շտաբներում, պատիվ չի բերում իշխանություններին և ցեխ է շպրտում ընտրական գործընթացի վրա: Շտաբներից կաշառք բաժանելն, այնուհետև անհեթեթ մեթոդներով հերքելը ցույց է տալիս, որ մեր իշխանությունը խնդիրներ ունի հասարակության հետ հարաբերություններում: Իշխանությունները պետք է հետևողական լինեն այդ կեղծիքներին և բացահայտեն»,- ասաց Համբարյանը՝ ավելացնելով, որ պետք չէ նպաստել նրան, որ մարդկանց մոտ ձևավորվի այն կարծիքը, որ չկա պատժի մեխանիզմ:

 

Սոնա Հարությունյան