Գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում խոսելով արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին, նշեց, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանին այնպիսի հարված հասցնի, որ այդ երկրի ղեկավարությունը դադարի սադրանքների դիմել. «Մեր բանակը վստահաբար կարող է դիմել նման գործողության, մյուս կողմից, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը նավթի վրա նստած երկիր է, ուստի պետք է խփել և պայթեցնել, հայկական զինուժը կարող է նման ռազմական գործողության դիմել, քանի որ ունի այդ ուժն, ավելին ասեմ՝ Ադրբեջանին մեր ռազմական հզորությունը պետք է ցույց տանք, և ինչքան շուտ, այնքան լավ»:
Դիտարկմանն՝ իսկ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում հանդես գալ պաշտպանվողի դիրքերում, գեներալը պատասխանեց. «Հայ ժողովուրդը խաղաղասեր է, մենք խաղաղություն սիրող ազգ ենք, և մեր երկրի ղեկավարությունն անում է ամեն ինչ՝ Արցախի հիմնախնդիրը խաղաղությամբ լուծելու համար: Այո՛, բանակցությունները շատ լավ են, բայց, եթե հակառակորդը չի պահպանում բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա նրա հետ այլևս պետք չէ բանակցել»,-ասաց գեներալը՝ հավելելով, որ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի վերաբերյալ իրենց համարժեք դիրքորոշումները պետք է ունենան նաև Արցախի հարցի կարգավորման պատասխանատվություն ստանձնած ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը:
Արկադի Տեր-Թադևոսյանը պնդում է՝ քանի դեռ հայկական կողմը չի դիմում ռազմական գործողությունների, Ադրբեջանն օղակն ավելի է սեղմելու՝ ապացուցելով, որ իր հետ բանակցելով, հարց լուծել չի լինի. «Միջազգային պարտավորությունների համաձայն, եթե հակառակորդը քեզ վրա կրակում է, դու պետք է առավել ուժգին հարվածով պատասխանես: Հիմա մեր կողմից պետք է այդ ուժգին հարվածը հասցնել»:
Վերջում Արցախի հերոսը հավելեց, որ հակամարտության կարգավորման հարցում ինքը չունի վստահություն, որ Մինսկի խումբը կարող է հարցը լուծել, հետևաբար, Հայաստանը պետք է ժամանակը ճիշտ օգտագործի՝ հակառակորդին պարտադրելով խաղաղություն: