6-րդ գումարման ԱԺ-ում  ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը տեսակետ հայտնեց, որ Էդմոն Մարուքյանի թեկնածությունն ընդամենը առաջադրվում էր առաջադրման համար. «Էդմոն Մարուքյանը չի ընտրվելու, քանի որ նման դեպք չի եղել, որ փոքրամասնության ներկայացուցիչը ղեկավարի ԱԺ-ն»:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում  հայտարարեց, որ շատ հաճախ Բաղրամյան 26-ից են հուշում՝ կառավարությունը լա՞վ է աշխատում, թե ոչ, հեռացնե՞լ, թե ոչ. «Այս անպատվաբեր վիճակից դուրս գալու համար լավագույն տարբերակը ԱԺ ընդդիմադիր նախագահ ունենալն է, որ հակակշիռ լինի»:

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ ԱԺ նախագահը հրամայող, նաչալնիկ չէ, այլ համակարգողն է ԱԺ աշխատանքների:

«Այդ ինչպե՞ս, ԱԺ նախագահը պարզապես խոսնա՞կ է, դա՞ է ձեր ամբողջ վերաբերմունքը ԱԺ նախագահի նկատմամբ»,-հարցադրում հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Իսկ Ելք դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ ցանկացած իրավիճակում կա ելք. «Անգամ վերջին ելույթների կոնտեքստում, որտեղ լույս չկար, կա ելք: Ես ասացի՝ եթե ընտրվեմ, ապա լինելու եմ բոլորի ԱԺ նախագահը՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության»: