ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ներկայումս նախատեսվում է կատարել կառուցվածքային փոփոխություններ, որոնք նպատակաուղղված են հարկային վարչարարության կատարելագործմանը, կոմիտեի համակարգի ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կոմիտեի գործառույթների առավել լիարժեք և նպատակային իրականացմանը: Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կոմիտեի կանոնադրության մեջ և աշխատակազմի կառուցվածքում:

 

Մասնավորապես` նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ, և դրանք ներառել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում' որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ:

 

Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է նաև կրճատել մաքսատների թվաքանակը և դրանք' որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործընթացի արդյունքում նախատեսվում է շուրջ 483 հաստիքների կրճատում: Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից նախատեսվում է լուծարել Ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների հաշվառման բաժինը' հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս գործառույթներն իրականացվելու են ստեղծվելիք Հարկ վճարողների սպասարկման վարչության, Փոքր հարկ վճարողների, ինչպես նաև Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչությունների կողմից: Միաժամանակ նախատեսվում է կոմիտեի աշխատակազմում ստեղծել Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին:

 

Կառավարությունը սահմանել է Լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկերը և ցանկերում ներառված հարկ վճարողների՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելու կարգը: Որոշման նպատակը «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի սահմանած պահանջներն ապահովելն է: Ներկայում հարկային մարմնում հաշվառված են բազմաթիվ կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնք չեն գործում, սակայն պետական գրանցումից դուրս չեն եկել: Այդ իսկ պատճառով հարկային մարմնի և ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական բազաներն ուռճացած են, ինչն էլ դժվարացնում է էլեկտրոնային համակարգերի աշխատանքները: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել լուծարել (պետական հաշվառումից հանել) փաստացի չգործող հարկ վճարողներին:

 

Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը: Որոշմամբ կսահմանվեն էլեկտրոնային աճուրդների իրականացումն ապահովող համակարգը, պատվիրատուների և մասնակիցների' նշված համակարգում գրանցման կարգը, էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման առանձնահատկությունները, էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը: