Հայաստանի գյուղացիության ծանրագույն վիճակի մասին հայտնի է բոլորին: Այսօր Հայաստանի թիվ մեկ ներքին մարտահրավերներից մեկը հայկական գյուղը ոտքի կանգնեցնելն է: Իհարկե, ծրագրերի ու խոստումների պակաս կարծես թե առանձնապես չի նկատվում, ու փիլիսոփայել մեզանում կարողանում են բոլորը, բայց ինչպես կյանքն է ցույց տալիս, փիլիսոփայելը ոչ միայն գործին չի օգնում, այլև դեռ մի բան էլ խանագուրմ է. փոխարենը գյուղացուն ձեռք մեկնելու` ավելի հաճախ պետական մարմիններն արհեստական խոչընդոտներ են հարուցում մարդկանց առջև`գյուղացիության առանց այն էլ հոգսաշատ կյանքն է՛լ ավելի բարդացնելով:
Պարզվում է` Շիրակի մարզպետարանը ձեռնամուխ է եղել մարզի համայնքաբնակներից տասնյակ միլիոնների հասնող պարտքերի հավաքագրմանը. պետության օժանդակությամբ տարիներ առաջ ձեռք բերած սերմացուների փողերն են, որոնք գյուղացիները դեռևս չեն հատուցել, պարտքերը չեն փակել: Հիմա մարզպետարանը դատի է տվել 40-ից ավել համայնքների բնակիչներին պարտքը գանձելու համար, և սա այն պարագայում, երբ պայմանավորված բնական աղետներով և մի շարք այլ օբյեկտիվ գործոններով` գյուղացիներն իրենց ցանածի արդյունքը չեն տեսել, շահույթ չեն ստացել, ու հիմա, փաստորեն, սեփական մաշկներից էլ դուրս գան, պետք է այդ փողերը փակվեն, իսկ թե հատկապես ինչպես են դա անելու, մարզպետարանին կարծես առանձնապես չի հետաքրքրում. իրենք իրենց փողի տերն են:
Գյուղացիների նկատմամբ մարզպետարանի կողմից իրականացվող տեռորը, համաձայնե՛ք, ոչ այլ ինչ է, քան կատարյալ մարազմ: Փոխարենը սուբսիդավորելու, համապատասխան ֆինասական աղբյուրներ հայթայթելու, խնդիրը գյուղատնտեսության նախարարությունում արծարծելու` Սիմոնյանը, փաստորեն, ձեռնամուխ է եղել մարդկանցից փող քերելու գործին, այն էլ նրանցից, որոնց սոցիալական ցածր մակարդակի, խնդիրների մասին իսկական լեգենդներ են շրջանառվում. չմոռանանք, որ հենց Շիրակի մարզն է Հայաստանում սոցիալական տեսանկյունից ամենախոցելին:
Ցավոք, այս ամենը մի բանի մասին է փաստում`պետությունը ջոկողություն չի դնում միջոցների մեջ. երբ հարցը վերաբերում է փողին, ոչ մեկին ոչինչ այլևս չի հետաքրքում, ու թքա՛ծ, թե մարդիկ ինչպես են փակելու իրենց պարտքերը. թո՛ղ տները գրավ դնեն, բանկերից վերցրած փողերով փակվեն. բա դա մարզպետ Սիմոնյանին հետարքրո՞ւմ է…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ