«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Դավիթ Մանուկյանն Ազգայն ժողով է եկել ոչ թե փոփոխություններ անելու, այլ իր ընտրողների հույսերն արդարացնելու համար: «Չեմ կարող բոլոր խնդիրներին լուծում տալ, ավելի պարզ ասած՝ պետք է լսելի դարձնեմ ընտրողների ձայները՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով»,-լրագրողներին հացաստիացրեց պատգամավորը:
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում սերնդեսերունդ են պատգամավորները մանդատ ստանում, ինչպիսին եղավ իր պարագայում, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Ինձ 21 հազար ՀՀ քաղաքացի է ձայն տվել, որի շնորհիվ հայտնվել եմ Ազգային ժողովում»:
Հարցին՝ իսկ իր ո՞ր արարքի համար է ստացել այդքան քաղաքացու քվե, բարկացած պատգամավորը պատասխանեց. «Այդ հարցին կարող են պատասխանել Կոտայքի մարզում, հարցում արեք և պարզեք, թե ինձ ինչու են ձայն տվել»:
Նորընտիր պատգամավորը, հավանաբար չկարողանալով զսպել նյարդերն ու էմոցիաները, հունից դուրս եկավ, երբ իրեն ուղղեցին հաջորդ հարցն այն մասին, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ երբևէ քաղաքական գործունեությամբ չզբաղվելով, ինքը հայտնվեց օրենսդիր մարմնում:
«Իսկ այստեղ հայտնված բոլոր պատգամավորները մորից այդպե՞ս են ծնվել: Ես ինձ ի սկզբանե Ազգային ժողովում էի պատկերացնում»: