«Երբ իրեն ընդդիմադիր համարող ուժը հայտնվում է Ազգային ժողովում և այնտեղից հայտարարում է, որ ԱԺ-ը, նախագահը լեգիտիմ չեն, հասարակությունը նոր-նոր սկսում է հասկանալ, որ տվյալ ուժը ինչ-ինչ խաղի կանոններով է առաջնորդվել խորհրադարանում հայտնվելուց առաջ և հետո: Քաղաքացին ապուշ չէ. նա հասկանում է, որ այդ ընդդիմադիրն ընդամենը խաղացել է՝ Ազգային ժողովում հայտնվելու համար»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով Ազգային ժողովում հայտնված ընդդիմադիր ուժերի մասին:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ինչպե՞ս է քաղաքագետը գնահատում խորհրդարանում հայտնված ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Ծառուկյան» դաշինքի գործելաոճը, արդյո՞ք այդ դաշինքը գործում է ընդդիմադիր դաշտում, քաղաքագետը պատասխանեց. «2015 թվականին Գագիկ Ծառուկյանը փորձեց խախտել Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը և մենք բոլորս տեսանք, թե նրա և նրա ղեկավարած քաղաքական ուժի հետ ինչ կատարվեց, այնպես որ, կարծում եմ՝ այս անգամ Գագիկ Ծառուկյանը չի խախտի Սերժ Սարգսյանի նշագծած խաղի կանոնները»,-ասաց նա՝ հավելելով, որ հակառակ պարագայում «Ծառուկյան» դաշինքն ու նրա ղեկավարը կհայտնվեն 2015 թվականի կարգավիճակում:
Մեր դիտարկմանն՝ արդյոք նրանց այս լուռ համաձայնությունն իշխանության հետ՝ ևս մեկ անգամ փաստում է, որ ընդդիմադիր դաշտն ու խորհրադարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը վերահսկվում է Բաղրամյան 26-ի կողմից, քաղաքագետը պատասխանեց. «Այլ տարբերակ լինել չի կարող, խաղի կանոնները դա են պահանջում»: