Վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 23-ին ընդունել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության նախագահ Կլաուս Մանգոլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էլեկտրոնային կառավարման համակարգի, կրթության ոլորտներում համագործակցությանը, նշված ուղղություններով հայաստանյան շուկա գերմանական ընկերությունների ներգրավմանը և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Վարդանյանի ներկայությունն այս հանդիպմանը՝ առավել քան ուշագրավ է: Ռուբեն Վարդանյանն ամիսներ առաջ Մեդիամաքսին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մեր երկրի կառավարման մոդելն իրեն սպառել է: « ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք ծնվել եւ մեծացել են խորհրդային համակարգում: Նրանք նախկին այլախոհներ էին, նախկին կոմերիտական կամ կուսակցության գործիչներ, կամ էլ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ: Նրանցից շատերը սիրել են ու սիրում են Հայաստանը, սակայն Խորհրդային Միության ժամանակ ստացած կառավարման փորձից բացի՝ այլ փորձ չունեն, այլ երկրներում սովորելու հնարավորություն եւս չեն ունեցել: Եվ նրանք վերստեղծել են կառավարման այն մոդելը, որն իրենց համար առավել ընկալելի ու հասկանալի է: Նա նաև ասել էր, որ շատ գործարարներ Հայաստանում հարստացել են ոչ թե սեփական բիզնեսն արդյունավետ կառավարելով, այլ արտոնությունների, հարկերից խուսափելու կամ կեղծ ու անորակ ապրանքների արտադրության հաշվին:

Նույն հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը նաև ասել էր, որ McKinsey-ի հետազոտության համաձայն՝ ՀՆԱ-ի կրկնապատկման համար Հայաստանի զարգացման նախագծերի մեջ պետք է 15 տարվա ընթացքում տարեկան ներդնեն ավելի քան $ 500 մլն: Վարդանյանն այն ժամանակ անվերապահ աջակցություն էր հայտնել վարչապետին, ինչպես նաև շեշտել, որ Կարեն Կարապետյանի եւ նրա թիմակիցների հաջողությունը կամ անհաջողությունը մեր բոլորի հաջողությունը կամ անհաջողությունն է լինելու: Խորհրդարանի ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել իր քաղաքական ծրագրերի առավել ագրեսիվ առաջմղմանը, եւ դրանցում ակնհայտորեն ենթադրվում է Կարեն Կարապետյանի կաբինետի անարդյունավետության վերաբերյալ հանրային մտայնության կամ կարծիքի գեներացիա:

Այդ հարցում կարծես թե Սերժ Սարգսյանը կարիք չունի մեծագույն ջանքեր գործադրելու, քանի որ հասարակության համար Կարապետյանի կաբինետի կողմից արված տեսանելի շատ քիչ բան կա իրականում, առայժմ օպտիմալացման և կրճատումների մասին տեղային նշանակության խոսակցություններից բացի՝ այլ տեղաշարժ չկա: Գործնական առումով, Կարապետյանի հույսը կարող էին լինել Ռուսաստանից երկու մեծահարուստ հայեր, որոնք Հայաստանում ունեն բավական շոշափելի ռեսուրս՝ հանրային ու համակարգային իմաստով. Ռուբեն Վարդանյան եւ Սամվել Կարապետյան: Բայց, այստեղ չստացվեց «տրիումվիրատը»: Ռուբեն Վարդանյանը հստակ եւ աներկբա աջակցություն հայտնեց Կարապետյանին, բայց Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե որեւէ մեկը թող չփորձի իր մասով առաջացնել արհեստական սպասումներ: Իսկ միայն Ռուբեն Վարդանյանի աջակցությունը Կարապետյանի համար շատ քիչ է, քանի որ Վարդանյանը քիչ ազդեցություն ունի Հայաստանի իշխող քրեա-օլիգարխիկ համակարգում: Այդ «թեւը» պետք է փակեր Սամվել Կարապետյանը, որը, սակայն, գուցե վերջին պահին, իսկ գուցե հենց սկզբից էլ՝ չի եկել Սերժ Սարգսյանի հետ բավարար համաձայնության: Հետևաբար, այժմ Կարեն Կարապետյանն ունի ուժերը կրկնակի լարելու անհրաժեշտություն, ինչը ենթադրում է  ոչ միան մնալ վարչապետ, այլ անհրաժեշտության դեպքում՝ նաև նվաճել վարչապետ մնալու իրավունքը: Արդյո՞ք այդ անհրաժեշտության հասունացման դեպքում Ռուբեն Վարդանյանի աջակցությունը Կարապետյանին՝ նույնքան միանշանակ կլինի՝ ցույց կտա ժամանակը…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ