Հայաստանի հեռուստատեսությունը գրավել են հնդկական սերիալները, որոնց մեջ է, ըստ բազմաթիվ դիտողների կարծիքի, աշխարհի ամենաձանձրալի եւ անկապ հեռուստասերիալը՝ «Մերժվածը» անունով: Այս ֆիլմը կարծես ստեղծված է մարդկանց նյարդերի վրա ազդելու համար: Երկար ու ձանձրացնող սյուժեն, որը կարելի էր մի 20 սերիայի մեջ ամփոփել, ռեժիսորի երեւակայությունը հասցրել է 1500 սերիայի: Բայց արի ու տես, որ հարյուր հազարավոր մարդիկ «ջիգյարով» նայում են ֆիլմը: Նայում են ու «անմահացնում» հերոսներին:

Հայաստանի գյուղերի մեծ մասում կով, ոչխար ու ձի ունեցողները կենդանիներին կնքել են «Մերժվածը» ֆիլմի հերոսների անուններով:
Արմավիրի գյուղերից մեկում, օրինակ, ինչպես իրենք են ասում, անունները հենց այնպես չեն դրել, այլ՝ «բնավորության գծերի նմանությունը» հաշվի առնելով: 
Կովերի մի մասի անունը Տապասիա է: Ընդ որում՝ անասնատերերը Տապասիայի վրա շատ են բարկանում.

- Ոնց կինոյի մեջ ես անպետք, էնպես էլ էստեղ,- բարկանում է Սոնա տատին:

- Ի՞նչ է արել, կով է, էլի, կովի չարությունը ո՞րն է:

- Խեղճ Չային նեղում ա, շատ աֆերիստ ա, խոտը թափում ա, բայց չի տալիս, որ Իչան ուտի:

Իչան էլ Տապասիայի կողքին կապված հորթն է:

- Տապասիա, արեւդ թաղեմ, ի՞նչ ես մտել ուրիշի բոստանը, էնի հելավ՝ քեզ կմորթի: 
Սա էլ մյուս գյուղացին է, որը փայտով շատ է հարվածում կովին, մանավանդ, իր ասելով, երբ նյարդայնանում է սերիալից:

Քանի որ գրեթե բոլոր տներում կով կա, ուրեմն բոլորն էլ ունեն Իչակի: 
«Էյ, Քսմուկ,- ասում է պապին ու ճիպոտում,- սրա նման դանդալոշը չկա: Էն անտեր կինոյի մեջ էլ բերանը ջուր առնում-կանգնում ա»:

Կովին Տապասիա անվանակոչածներից Նունիկն ունի ուշագրավ բացատրություն. «Ցլիկի մոտ չենք տարել, բայց հորթի ա սպասում: Տապուի էրեխու հերն էլ չգիտեն ով ա, սրանն էլ: Երեւի նախրի մեջ ա իրան տեսել: Իրար շատ են նման էդ տեսակետից»:
Գյուղացի Սամվելը, որ յոթ կով ունի ու մեկ ցուլ, բոլոր իգական հերոսների անունով անվանակոչել է կովերին, ցլի անունն էլ դրել է Պուշկար: Օրերս էլ ծնված նոր հորթին անվանակոչել է Դադաջի:

- Ինչո՞ւ եք Դադաջի դրել, դա, կարծեմ, անուն չէ, այլ՝ դիմելաձեւ:

- Դե, իրեն էլ ենք դիմում, էլի:
Ընդ որում, հաճախ խառնում են կովերին ու ցլիկներին եւ կովին անվանում են տղա հերոսի անունով: Բաշ կովը, որ այգում արածելիս «մի երկու բերան» կանեփ էր կերել, անունը դրել էին «պլանքյաշ Վանշ»:

 

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ: