Ճիշտ է, դեռևս  ՀՀ Կառավարության կազմը լիովին հայտնի չէ, սակայն արդեն իսկ կարող ենք ասել, որ դրա կազմը հիմնականում փոփոխության չի ենթարկվելու. հայրենի կառավարության «կարկառուների» հիմնական մասը հաջողացրել են պահպանել իրենց հասարակական դիրքը:

Այն, որ կառավարության շուրջ ստեղծված ինտրիգը  բավական թեժ ստացվեց, կհամաձայնեն երևի թե շատերը: Առավոտից երեկո ԶԼՄ-ներով շրջանառվող թիվ մեկ թեման այն էր, թե ինչ կազմ կունենա ՀՀ Կառավարությունը 2018-ին ընդառաջ: Հարցի շուրջ բարձրացած աղմուկի պատճառը, թերևս, ավելի շատ քաղաքական էր, քանի որ այնպիսի կարևորագույն հարց, ինչպիսին Կառավարության կազմն է, չէր կարող զերծ լինել քաղաքական ենթատեքստից: Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց այն, որ նախարարների առաջնային առաքելությունը ոչ թե քաղաքական ինտրիգների մեջ ներքաշվելն է, այլ իրական գործ անելը՝ տնտեսությունը, երկիրը դուրս բերելու այս անհույս վիճակից, անվիճելի է:

Հիմա մի շատ բնական հարց է առաջանում՝ հատկապես ի՞նչ տրամաբանությամբ են նշանակվել այն նախարարները, որոնք նախկինում, նախկին կառավարությունում ևս զբաղեցնում էին միևնույն պաշտոնը: Հիշո՞ւմ եք ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը: Այն, խոստովանենք, հնչում էր չափազանց խոստումնալից՝ «անվտանգություն և առաջընթաց»՝ կարգախոս, որը, թերևս, լավագույնս է արտահայտում ժամանակակից Հայաստանի առջև ներկայում ծառացած մարտահրավերների էությունը: Տեսնես ասենք Աշոտ Մանուկյանը կամ կառավարության հնաբնակներից նույն Հրանուշ Հակոբյանը որքանով են նպաստելու ՀՀԿ կարգախոսի  կյանքի կոչմանը: Դիցուք մեկը կարո՞ղ է մեզ փաստել Իգնատի Առաքելյանի անզուգական նախարար լինելը կամ բերել գեթ մեկ փաստարկ, որ ասենք Վարդան Արամյանն այս ամիսներին հասցրել է այնպիսի կոնցեպտ մշակել կամ գաղափարներ առաջ քաշել, որոնք անխուսափելիորեն հանգեցնելու են Հայաստանի ֆինասնական վիճակի բարելավմանը…

Իհարկե, միգուցե վերանշանակումները ոմանք կփորձեն հիմնավորել ներիշխանական բուրգում ընթացող որոշ գործընթացներով, կփորձեն այս ամենում նշմարել Սարգսյան-Կարապետյան ենթադրյալ հակամարտության որոշակի արտացոլանքներ, բայց ակնհայտ է, որ ինչ իրական պատճառներ էլ վերանշանակումներն ունենան, դրանք չեն կարող մինչև վերջ ընկալելի համարվել: Երբ խոսքը վերաբերում է երկրի առաջընթացին, երբ հարցն այդքան լուրջ է, բացառապես քաղաքական դրդապատճառներից կատարվող նշանակումները չեն կարող արդարացված համարվել. կադրեր Հայաստանում շատ կան, միայն թե նրանց նկատել է պետք:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ