Առաջիկա 5 օրերի ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի այսօր՝ մայիսի 31-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Ներկայացնելով առաջիկա 5 օրերի կանխատեսումները՝ նա նշեց, որ հունիսի 1-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով:
«Հունիսի 1-3-ին հանրապետությունը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որն ակտիվանալու է հատկապես երեկոյան ժամերին:
Դա կպահպանվի մինչեւ հունիսի 4-ը, այսինքն՝ ջերմաստիճանը չի գերազանցի 27-29 աստիճանը: Օրվա առաջին կեսին՝ մինչև երեկոյան ժամերը, հիմնականում կգերակշռի կայուն, արևային եղանակ, երեկոյան ժամերին՝ 5-ից հետո, կզարգանա ամպրոպային եղանակ, սպասվում է անձրև և ամպրոպ:
Շիրակում, Լոռիում և Տավուշում մեծ է նաև կարկտի հավանականությունը:
Հունիսի 5-ից կրկին կներթափանցեն տաք օդային հոսանքները, օդի ջերմաստիճանը նորից կբարձրանա՝ հովտային շրջաններում հասնելով 32-33 աստիճանի, իսկ Սյունիքում՝ մինչեւ 34-35»,-ասաց նա:
Անդրադառնալով Մոսկվայի մարզում նախօրեին ավերածություններ պատճառած փոթորկի հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա՝ Գագիկ Սուրենյանն ասաց, որ որեւէ մտավախություն արդեն չկա, քանի որ ցիկլոնը տեղաշարժվել է դեպի Ուրալ, Արևմտյան Սիբիր:
«Եթե այդ օդային զանգվածը տեղափոխվեր Հայաստան, չի բացառվում, որ նման հզոր փոթորիկ այստեղ ևս լիներ: Հայաստանում քամու ուժեղ պոռթկումներ չեն կանխատեսվում, երեկոյան քամոտ եղանակը լիովին տեղավորվում է նորմայի սահմաններում»,- եզրափակեց օդերևութաբանության կենտրոնի պետը՝ հավելելով նաեւ, որ այս տարի ծառերի ծաղկման շրջանում բացասական ջերմաստիճան չի գրանցվել, աղետալի կարկտահարություն ևս, ինչը հույս է ներշնչում, որ կլինի միջինից ավելի բերք: