Այն, որ Հայաստանյան բուհերի ղեկավարներն երբեևիցե չեն հանդիսացել արդարության ու արդար վաստակի էտալոն, առանձնակի նորություն չէ. չարաշահումներն այստեղ մշտապես կրել են խիստ ավանդական բնույթ: Դիցուք՝ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան հաշվետվությունից պարզ է դառնում, որ հատկապես Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում նախորդ տարի ատկատների ու չարաշահումների պակաս չի եղել:
Այսպես՝ ի թիվս այլ խախտումների պարզվել է, որ հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների հետ չի կնքվել ընթացակարգով նախատեսված պայմանագրեր, նպատակային ուսուցման կազմակերպման նպատակով կնքված թվով 10 պայմանագրերի խախտման արդյունքում ուսանողներից բռնագանձվել է՝ մոտ 5.5 մլն դրամ ուսման վճար, ինչը մնացել է համալսարանի արտաբյուջետային հաշվին և չի փոխանցվել պետական բյուջե այն պարագայում, երբ որևէ իրավական նորմով սահմանված չէ նպատակային ուսուցումն ավարտած շրջանավարտների աշխատանքի ընդունման նկատմամբ Համալսարանի կողմից հսկողություն իրականացնելու իրավական գործառույթ: Խոշոր չարաշահումներ են հայտնաբերվել հատկապես համակարգչային տեխնիկայի գնման հարցում. դիցուք «Կոմպաս» ՍՊԸ-ից համակարգչային տեխնիկայի գնումը կատարվել է շուկայական գներից՝ 589.3 հազ. դրամ թանկ գներով, իսկ «Յուզեր-Սիստեմզ» ՍՊԸ-ից ձեռք բերված ապրանքատեսականին՝ 378.0 հազ.դրամ թանկ գներով: «Տոսպ» ՍՊԸ-ից համակարգչային տեխնիկայի գնման պարագայում ևս համանման պատկեր է առկա. փաստացի գնումը կատարվել է շուկայական գներից՝ 380.0 հազ. դրամ թանկ:
Հիմա հարց է ծագում՝ այս արևի տակ արդյոք չի՞ գտնվելու մեկն, ով վերջապես պատասխանատվության ենթարկի Միրզախանյանին, ում անմիջական իմացությամբ էլ հենց տեղի են ունեցել այս չարաշահումները: Մենք, իհարկե երջանիկ կլինեինք, եթե համալսարանում տեղ գտած չարաշահումներն այսքանով ավարտվեին, բայց դե բոլորս ենք հասկանում, թե իրականում ինչ է այնտեղ կատարվել. եթե ՎՊ-ն է այսքանը հայտնաբերել, ապա դժվար չէ պատկերացնել, թե խախտումների ու ֆինանսական չարաշահումների ծավալն իրականում որքան է այնտեղ կազմել: Իհարկե, ՎՊ-ն չէ, որ պետք է հանրությանը պատմի Մանկավարժականում արդեն երկար տարիներ արմատացած անթույլատրելի կարգերի մասին ու այն մասին, թե որն է բուհի կառավարման հիմնական սկզբունքն այստեղ. համալսարանն այս վաղուց է դարձել կաշառակերության ու թալանի յուրատեսակ օրրան, ուր աշխատանքի հիմնական սկզբունքը Միրզախանյանի գրպանի պարունակությունն անսպառ պահելն է. Հայաստանի կրթական ոլորտի բոլոր արատները բնորոշ են այս բուհին այն պարագայում, երբ կրթօջախն ի սկզբանե կոչված է մարդու մեջ լավն ու դրականը զարգացնել, սերունդներ կրթողներ ու դաստիարակողներ պատրաստել:
Հարց՝ այս երեխաները Միրզախանյանի՞ց են սովորելու, թե ինչ է ասել լինել մանկավարժ: Պարզ չէ՞, որ միայն այդ մարդու աշխատելաոճը բավարար է, որպեսզի «մանկավարժություն» ասվածը մեզանում կորցնի իր արժեքն ու հարգանքը: Այս ուղղությամբ մտածել է պետք: Ցավոք, ԵՊՄՀ-ը միակը չէ, ուր արմատացած են ժամանակակից Հայաստանին բնորոշ շատ ու շատ բացասական դրսևորումներ. այդպիսիք կան նաև այլ բուհերում, ու ամենևին էլ որևէ մեկը ՎՊ ուսումնասիրությունների կարիքը չունի՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ խայտառակ վիճակում են այսօր երևանյան բուհերը. դրա համար բավարար է ընդամենը զրուցել ուսանողների ու դասախոսների հետ:
Դավիթ ԲԱԲԱԲՈՆՎ