Գործադիրի հավանությանն է արժանացել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Փոփոխությամբ նախատեսվում է երկարաձգել ՀՀ օրենքի գործողության ժամկետը: Այն հնարավորություն կտա «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկին տարիների ընթացքում խուսափած ու 27 տարին լրացած բազմաթիվ ՀՀ քաղաքացիների սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը և ազատվել քրեական հետապնդումից: Անդրադառնալով օրինագծին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է. «Առիթ ունեցել ենք խոսել այս օրենքի վերաբերյալ: Այն լավագույն լուծումը չէ, քանի որ ժամկետը պարբերաբար երկարաձգելը ոչ թե խթանում է վերադարձը, այլ խթանում է մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին: Նրանք հուսով են, որ մինչև 27 տարեկանը արտերկրում գտնվելով, այդ գումարը վճարելու են՝ օրինականացնելով չծառայելը: Այս անգամ ընդհատել պետք չէ, բայց պետք է որոշենք, որ սա, որպես քաղաքականություն, շարունակել չի կարելի և պետք է դադարեցնել հաջորդ տարվանից:
Միևնույն ժամանակ, պետք է խնդրեմ Ձեր հանձնարարականը, որ դրանից բխող որոշման վրա բոլոր շահագրգիռ մարմինների հետ աշխատենք և փաստաթղթերի ցանկն այնպես կարգավորվենք, որ գոնե Հայաստանում գտնվողները չկարողանան այս օրենքից օգտվելով՝ խուսափել ծառայությունից: Այդպիսի դեպքեր նախկինում հայտնաբերվել են: Այսինքն՝ պահանջվող փաստաթղթերի մեջ պետք է վերանայում կատարել, որպեսզի ակնհայտ երևա տվյալ անձի արտերկրում գտնվելու փաստը և այլն»:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշել է, որ քննարկվող օրենքի նախագիծը հավասարապես տարածվում է երկու խումբ սուբյեկտների վրա՝ շարքային անձնակազմի և պահեստազորի սպաների: Նրա կարծիքով՝ այդ երկու խմբերի վրա հավասարաչափ մոտեցում ցուցաբերելն արդարացված չէ: «Այսինքն, ՀՀ-ն նրանց պատրաստել է որպես սպա, նրանք օգտվել են բազմաթիվ արտոնություններից և այս պարագայում նրանց ևս այս օրենքի ուժի տակ պահելը, կարծում եմ, համաչափ չէ:
Վերջիններս, գիտակցելով այս եղանակով խուսափելու հնարավորությունը, բացակայում են հանրապետությունից, հետո վերադառնում և գումարներ վճարելով՝ ազատվում քրեական պատասխանատվությունից»,-ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը: Որոշվել է օրինագիծը մինչև Ազգային ժողով ներկայացնելը լրացուցիչ քննարկել և ըստ նպատակահարմարության՝ լրամշակել: