Կառավարության այսօրվա նիստում ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը։

Ըստ նրա, նախագիծը հնարավորություն կտա մինչև 2018թ. մայիսի 1-ը զինապարտության մասին օրենքի խախտման` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած շուրջ 1000-ից ավելի քաղաքացիների, խուսափելով քրեական պատասխանատվությունից մուտք գործել Հայաստան՝ համապատասխան վճարումները կատարելուց հետո: Նախնական հաշվարկներով` այդպիսով բավականաչափ գումար կմուտքագրվի պետբյուջե: Փոփոխությունը երկար քննարկման առարկա դարձավ, քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը առարկություն ուներ. «Մենք առիթ ունեցել ենք խոսել այս օրենքի մասին, սա լավագույն լուծումը չի այն առումով, որ պարբերական երկարաձգվելով՝ ինքը ոչ թե խթանում է վերադարձ, այլ խթանում է մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսք՝ հույսով, որ մինչև 27-ը արտերկրում գտնվելով՝ այդ գումարը վճարելու են ու լեգիտիմացնելու չծառայելը», - ասաց Պաշտպանության նախարարը:

2003թ. սկսած՝ զինծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած քաղաքացիները օրենքով սահմանված կարգով, բավականին կլորիկ գումարներ վճարելու դիմաց կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և հաշվառվել պահեստազորում, իսկ այդ ընթացքում ծառայությունից խուսափելու վերաբերյալ նույն անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվում են: Այսինքն` «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը ծառայությունից խուսափածներին հնարավորություն է տալիս ազատվել պարտադիր զիծառայությունից և վերադառնալ հայրենիք։ Օրենքի կիրառման արդյունքում 2004-2015թթ. և 2016թ. 9 ամիսների ընթացքում շուրջ 9.090.1 միլիոն դրամ գումար է մուտքագրվել ՊՆ-ի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվին: Արդյունքում շուրջ 17 հազար ՀՀ քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նշենք նաև, որ օրենքը պարբերաբար փոփոխվում է՝ կապված զինվորական ծառայություն չանցած անձանց տարիքի հետ: Մատչելի լեզվով ասած, գոնե այս պահի դրությամբ՝ օրենքի հիմնական նպատակն այն է, որ 1992թ. աշնանային զորակոչից մինչև 2015թ․ մայիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած քաղաքացիները ազատվեն քրեական հետապնդումից՝ պարտադիր վճար մուծելու դիմաց, ապա ստանալով զինվորական գրքույկը՝ հաշվառվեն պահեստազորում:

Այս տեսանկյունից միանգամայն տեղին են նախարար Վիգեն Սարգսյանի մտահոգությունները և շեշտադրումները: Ամենաարտառոցն ու անթույլատրելին այն է, որ պետությունը կարծես թե լայն դուռ է ցանկանում բացել ծառայությունը շրջանցողների համար: Օրենքով «բանակ չգնալու» հնարավարությունը ոչ միայն անթույլատրելի շռայլություն է, այլեւ լուրջ վտանգ պետության համար: Դա «ինչո՞ւ ես պետք է ծառայեմ, իսկ նա՝ ոչ» օրինական հարցադրում է բարձրացնում, որի փաստարկված պատասխանը չկա: Կան միայն անտրամաբանական պատճառաբանություններ, որոնք վաղուց արդեն մի կողմ դնելու եւ օրենսդրական կարգավորումներ տալու ժամանակն է: Անշուշտ, եթե փոփոխությունները այնուամենայնիվ ընդունվեն, դա լինելու է մի քաղաքական որոշում, որը խթանելու է այն մարդկանց մղումները, ովքեր մտածում են երկրից դուրս գալու մասին:

Ստելլա Խաչատրյան