Կառավարությունը վերջին նիստում սահմանել է բավականին ուշագրավ մի ցանկ. հրապարակվել են բոլոր այն երկրներն ու նահանգները, որոնք դիտվում են օֆշորային գոտիներ:

Այդ ցանկում ներառված են տարատեսակ օֆշորային սկանդալներից հայ հանրությանը քաջ հայտնի անուններ՝ Վիջինյան կղզիներ, Պանամա, Կիպրոսի կզիներ, Իռլանդիան, ԱՄԷ-ն, Շվեյցարիան, Ֆիլիպինները, Նիդեռլանդների թագավորության տարածաշրջաններ, Լիբանանը, Անդորրան և Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Կոստա Ռիկան, այլն: Օֆշորային գոտիների ցանկում ընդհանուր առմամբ ընդգրկված է 37 պետություն և վերջիներից տարբեր տարածաշրջաններ: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադառնալով օֆշորային երկրների ցանկի հաստատմանը՝ հայտարարել է, որ դա անհրաժետություն էր, որը բխում է ՀՀ Հարկային նոր օրենսգրքի դրույթներից: Արամյանի պնդմամբ՝ օֆշորի գաղափարախոսությունը շատ պարզ է՝ մի քանի չափանիշներով նման երկրներ են դիտարկվում այն երկրները, որոնց մոտ շահութահարկի դրույքը բավական ցածր է:

Օրինակ՝ ՀՀ-ում շահութահարկը 20 տոկոս է, բայց այդ ցանկում ներառված երկրներից Իռլանդիայում 0 տոկոս է: «Ցանկը հրպարակվում է զուտ այն պատճառով, որպեսզի մենք զսպող մեխանիզմներ ունենանք, բացի այդ հարկերից խուսափման սխեմաներ չաշխատեցնեն: Այդ ցանկում առաջավոր երկրներ կան, դա ոչ թե նշանակում է, որ այդ տնտեսությունները վտանգավոր գոտում են, այլ շահութահարկի դրույքը շատ ավելի ցածր է, քան մեզ մոտ, և կա հավանականություն, որ այդտեղ կաշխատեն հայտնի սխեմաները»,- նշել է Արամյանը: Նախարարի այս զուգահեռները ակնհայտ և թափանցիկ ակնարկ են, առ այն, որ հայաստանյան ընկերություններն ավելի ցածր շահութահարկ վճարելու նպատակով, կարող են գրանցվել հենց նույն Իռլանդիայում: Սա հարկերից խուսափելու Արամյանի ասած քաջ հայտնի սխեման է:

Նախարարը մեզ վստահեցնում է, որ Հայաստանի Հարկային օրենսգիրքը այդ հայտնի սխեմաների կանխարգելման նպատակով կանխարգելիչ նորմեր է սահմանում: Իհարկե, դժվար չէ կռահել, որ չնայած կանխարգելիչ օրենսդրական նորմերի՝ եթե  ձևավորվել է վիճակ, երբ օֆշորում տնտեսվարողն աշխատում է առանց շահութահարկ վճարելու, իսկ Հայաստանում պետք է 20 տոկոս վճարի, տնտեսվարողները գնալու են դեպի օֆշոր: Բացի այդ, տնտեսվարողների գործն է հեշտանում, անգամ պատրաստի ցանկ կա և կարելի է հեշտ կողմնորոշվել, թե որ օֆշորն է քիմքին ավելի հարմար: Հետաքրքիր է նաև այն, որ շարունակվում է Հայաստանից կապիտալի արտահոսքը օֆշորային երկրներ՝ Կիպրոս և Վիրջինյան կղզիներ։ Այդ երկրներ Հայաստանից ավելի շատ փող գնում է, քան գալիս։ Վիրջինյան կղզիներ այս տարի Հայաստանից գնացել է մոտ 27.7 միլիարդ դրամ կամ մոտ 58 միլիոն դոլար, իսկ Կիպրոս մոտ 2 միլիարդ դրամ կամ 4 միլիոն դոլար։ Ակնհայտորեն, այս գումարները անօրինական ճանապարհով աշխատած փողերի լվացում են, քանի որ Վիրջինյան կղզիներն էլ, Կիպրոսն էլ օֆշորային գոտիներ են՝ նախատեսված հենց ծագման օրինականության ապացուցման կարիք չունեցող փողերի համար։ Կապիտալի արտահոսքը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ տնտեսության վատ վիճակով: Առավել քան խոսուն է այն հանգամանքը, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի օֆշորային երկրների կեսից ավելիի հետ, ինչ խոսք, սա մեր արտաքին գործերի նախարարության լրջագույն ձեռքբերումներից է:

Ստելլա Խաչատրյան