Այն, որ արցախյան հարցը հատկապես վերջին շրջանում չափազանց հաճախ է դառնում տարբեր միջազգային վերլուծաբանների կամ փորձագիտական խմբերի դիտարկման առարկա, իսկ Հայաստանում օտարերկրյա դեսպաններն էլ բավական հաճախ են սկսել խոսել ստատուս-քվոյի պահպանման անհնարինության մասին, խոսում է համաշխարհային ուժային կենտրոնների միջև սրացող մրցակցության մասին: Մրցակցություն, որ ընթանում է հակամարտության կառավարման լծակների համար: Արևմուտքը փորձում է ձեռնոց նետել Ռուսաստանին ու փորձել շատ ավելի զգալի դերակատարություն ունենալ տարածաշրջանում: Ու չնայած ոմանք գտնում են, որ ԱՄՆ-ն Թրամփի օրոք հնարավորինս կպասիվանա արտաքին քաղաքական հարթակում, սակայն անկասկած է, որ ԱՄՆ-ն չի կարող հետ կանգնել իր հիմնական առաջնահերթություններից ու եթե նույնիսկ առերևույթ կերպով պասիվանա էլ, ապա իր նպատակներին կարող է հասնել միջնորդավորված կերպով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կազմի մասին, գրեթե սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, թե լավ կլիներ, եթե երրորդը լիներ Եվրամիությունը, դա ավելի լավ է, քան երբ համանախագահ երկիր է լինում ինչ-որ առանձին պետություն: ԵՄ-ն ուժեղ է. այն միասնական խումբ է միջազգային քաղաքականության մեջ: Բրայզայի հայտարարությունը, չնայած ոմանց կարող է ինչ-որ տեղ ֆանտաստիկայի ժանրից թվալ, սակայն իրականում չափազանց խորքային հայտարարություն է ու բացահայտում է ԱՄՆ իրական նպատակները տարածաշրջանում: Բանն այն է, որ եթե իրոք ժամանակի ընթացքում Ֆրանսիային փոխարինելու գա ԵՄ-ն իր ամբողջության մեջ, ապա ՌԴ դիրքերին այդկերպ մեծ հարված կարող է հասցվել. մի բան է Ֆրանսիան, մեկ այլ բան, երբ խաղաղարարի դերում հանդես է գալիս ողջ տրանսատլանտյան քաղաքակրթությունը՝ ԱՄՆ-ԵՄ տանդեմը:
Ավելին՝ ԵՄ-ն կարող է դառնալ այն միջնորդավորված պլատֆորմը, որի միջոցով ԱՄՆ-ն կարղ է իրեն վնաս չհասցնելով կոնկրետ խնդիրներ լուծել: Ու եթե իրոք պատերազմ լինի, ինչը, բնականաբար, կդառնա ՌԴ պարտության առաջին նշանն Անդրկովկասում, ապա Արևմուտքը հնարավոր է և գնա արմատական լուծումների ճանապարհով ու Բրայզայի առաջ քաշած տարբերակը կյանքի կոչի՝ այդպիսով հզորացնելով իր ազդեցությունը տարածաշրջանում: Ի դեպ՝ ռուսները հենց դրանից են ամենաշատը վախենում, երբ այժմ փորձում են հնարավորինս զսպել Ալիևին, քանի որ շատ լավ հասկանում են, որ իրականում ոչ մի պատերազմ՝ տոտալ, թե տեղային, ի վիճակի չի լինելու լուծում տալ ԼՂ խնդրին ու, սա, ըստ էության, հավերժ տևող հակամարտությունների թվին է պատկանում. իրավիճակը կարող է դուրս գալ Մոսկվայի վերահսկողությունից: Հարցը միայն այն է, թե որ գերտերությունը որքան ճարպիկ ու հմուտ կգտնվի՝ ստեղծված իրավիճակն իր շահերին ծառայեցնելու, ասել է թե՝ հակամարտության վերահսկողության լծակներն իր ձեռքում կենտրոնացնելու համար: Արևմուտքն այս հարցի շուրջ ակտիվորեն մտմտում է…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ