ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով շփման գծում տեխնիկական վերազինմանը՝ նշեց, որ մեծ աշխատանքներ են տարվել, ու՝ ոչ միայն տեսադիտարկման սարքերի տեղադրման ուղղությամբ, այլ նաև ինժեներական աշխատանքների, կահավորման, ինչպես նաև անվտանգության ապահովման լրացուցիչ մեխանիզմների առումով՝ բարձրացնելով դրանց արդյունավետությունը:

 

«Առաջին հերթին՝ տեսադիտարկման համակարգով մենք բացառել ենք, կարելի է ասել՝ մինիմումի ենք հասցրել մարդկային գործոնը»- իր խոսքում նշել է Մնացականյանը: Ապրիլյան պատերազմից հետո պահածոների տարաների մասին էր շատ խոսվում, որ դրանցով են պաշտպանվում մեր զինվորները սահմանին: ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանին այդ փաստը կարծես այնքան էլ չէր մտահոգում, քանի որ վերջինս համոզված է՝ եթե օգուտ են տալիս նմանատիպ միջոցները, ինչո՞ւ չկիրառել: Թե որքանով է այս տրամաբանությունը համահունչ սահմանին լայնածավալ տեխնիկական վերզինման հրամայականի հետ՝ դատեք ինքներդ:


Մնացականյանն անդրադարձել է նաև համանախագահների տարածաշրջան սպասվող այցին, նշելով, որ պատրաստվում են նրանց ներկայացնել իրենց վերջին այցից մինչև հունիսի 10-ը հակառակորդի կողմից թույլ տված բոլոր խախտումները և մեր կողմից տրված պատասխանները: Օրերս Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել, որը զգուշացնում է, որ հակամարտության սրացման հավանականությունը կտրուկ բարձրացել է: Եվ այս իմաստով՝ համանախագահները, որոնք գալու են Բաքու, Երևան, Ստեփանակերտ, փորձում են հասկանալ կողմերի մոտեցումները, քանի որ նրանք ձգտում են կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների որոշումները՝ շփման գծում մոնիթորինգի համակարգ ներդնելու և դիտորդներ տեղակայելու մասին: Եթե դատենք Իգոր Պոպովի կողմից վերջերս արված հայտարարությունից, ապա ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը համաձայնել է շփման գծում միջազգային դիտորդների թվի ավելացման հետ: Նրանց թիվը յոթն է, և հիմա կողմերը քննարկում են, թե կոնկրետ որտեղ պիտի տեղակայվեն դիտորդները, որովհետև մշտադիտարկման համակարգը կապված է ռոտացիայի հետ: Բոլորն արդեն հոգնել են նրանից, որ Բաքուն ու Երևանն ամեն անգամ տարբեր կերպ են մեկնաբանում միջադեպերը շփման գծում և, բնականաբար, մեղադրում են միմյանց, իսկ հիմա պետք է ԵԱՀԿ-ի ձայնը, որը հստակ կնշի, թե ով է ագրեսորը, և կընդունի համապատասխան որոշումներ: Սա սկզբունքային նշանակություն ունի, քանի որ՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը շփման գծի իր դիտորդների միջոցով մեղադրի կողմերից որևէ մեկին ագրեսիայի համար, ապա կընդունվի համապատասխան որոշում և կարող է նույնիսկ նախաձեռնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև:


Սա նշանակում է, որ հակամարտության կարգավորումը կդրվի ավելի բարձր մակարդակի վրա՞: Ադրբեջանը երկար ժամանակ դիմադրում էր, բայց քաղաքական իրադրությունն իր համար կտրուկ փոխվեց: Առաջին հերթին, իրադարձությունները Մերձավոր Արևելքում այնպես չեն զարգանում, ինչպես որ կուզեր Բաքուն: Երկրորդը՝ Թուրքիան հիմա ֆիզիկապես ի վիճակի չէ աջակցել Ադրբեջանին, որովհետև խնդիրներ ունի Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ՝ Սիրիայի քրդերի պատճառով: Թուրքական զորքերը հիմա չեն կարող հակամարտության ևս մի օջախ ստեղծել, մասնակցել որևէ կերպ: Ո՛չ, նրանք կարող են ինչ-որ հայտարարություն անել՝ ի նշան աջակցության Ադրբեջանին, բայց իրական օգնություն չեն կարող ցուցաբերել: Երրորդը՝ Ադրբեջանը մասնակցեց Էր-Ռիյադում կազմակարպված արաբական և իսլամական պետությունների գագաթնաժողովին, որտեղ Թրամփը ելույթ ունեցավ Իրանի դեմ, իսկ Իրանի հարևան Ադրբեջանը մասնակցում էր այդ գագաթնաժողովին, նշանակում է՝ նա լռելյայն պաշտպանել է Թրամփի քաղաքականությունը Իրանի դեմ: Այսպիսով, ղարաբաղյան ճակատում լայնածավալ տարածաշրջանային հակամարտության վերսկսման հնարավորությունները փոքրացել են: Այստեղից էլ գալիս են համանախագահների փորձերը՝ ինչ-որ կերպ սառեցնելու հակամարտությունը:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ