Հայտարարելով, թե վարչապետ Կարեն Կարապետյանը չունի հրաժարական տալու պատճառ եւ նրա հետ իր հակասության մասին տեղեկությունները մտացածին են, Սերժ Սարգսյանը փաստորեն հանեց վարչապետի աթոռի տակ դրված ականը, որ միացրել էր խորհրդարանի ընտրությունից անմիջապես հետո: Անձամբ հայտարարելով այժմ պատճառ չլինելու եւ հակասությունն էլ մտացածին լինելու մասին, Սերժ Սարգսյանը կամա թե ակամա կատարեց Կարեն Կարապետյանի պահանջը: Ի՞նչ կփոխվի Կարեն Կարապետյանի վարքագծում՝ Սերժ Սարգսյանի կատարած ականազերծումից հետո. Բավական տարածված է այն, որ նա վերջապես պետք է զբաղվի քաղաքականությամբ՝ չբավարարվելով մենեջերությամբ:
Ըստ էության, կառավարության և Ազգային ժողովի նոր կազմով դրվելու են այն հիմքերը, որի վրա 2018թ. ապրիլից հետո, երբ կավարտվի ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման երկրորդ ժամկետը, լուծվելու է իրական իշխանության պատկանելության խնդիրը: Ուստի, եթե Սերժ Սարգսյանը լուրջ նպատակներ ունի 2018թ.-ի ապրիլի 2-ից հետո մնալու բացարձակ իշխանության կրող, ապա նա պետք է հենց այսօրվանից աշխատի այդ իշխանության հիմքերի ձևավորման ուղղությամբ: Այն մասին, որ Սերժ Սարգսյանն առնվազն մտադրություն չունի իշխանությունից հեռանալու, հայտարարվել է թե՛ իր, թե՛ Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչների կողմից: Ահա այս իրավիճակում Կարեն Կարապետյանն օգնող գործոնից կարող է վերածվել խանգարող գործոնի, որին պետք է չեզոքացնել:
Հավանաբար հանրային աջակցության բարձր վարկանիշն ու որոշ մեծահարուստների աջակցությունը Կարեն Կարապետյանին մոտիվացրել են ինքնուրույն գործելուն և, ինչու ոչ, 2018թ.-ից հետո իշխանության մնալու: Սակայն այս ճանապարհին Կարապետյանին մի շարք ռիսկեր են սպասվում: Մասնավորապես, նախագահի վերջին հայտարարությունից հետո հարց է առաջանում՝ կփորձի՞ արդյոք Կարապետյանը դուրս գալ ճգնաժամային մենեջերի շրջանակներից և վերցնել իրական իշխանություն: Եթե ոչ, ապա հիմքեր ունենք մտածելու, որ այդ վարքագիծը Կարեն Կարապետյանի մտածված մարտավարությունն է, իրեն սպասվող ռիսկերից ապահովագրելու համար: Մենեջերի դիրքը նվազ ռիսկային է և ավելի քիչ պատասխանատվություն է ենթադրում, ինչը կարծես թե Կարեն Կարապետյանի համար իդեալական տարբերակ է: Իշխանության համար պայքարի մեջ մտնելը ենթադրում է, որ Կարապետյանը Սերժ Սարգսյանից պետք է վերցնի քաղաքական պատասխանատվության առնվազն կեսը: Բայց դա կարող է բերել նրա համար վտանգավոր դիսբալանսի՝ քաղաքական պատասխանատվությունը կվերցնի՝ չվերցնելով համարժեք իշխանություն:
Ստելլա Խաչատրյան