Վարդենիսցիներն առաջարկել են համայնքների խոշորացման շրջանակներում փնջային բաժանման նոր տարբերակ: Այս մասին ԱԺ-ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի և հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացման դեմ՝ Վարդենիսի մի քանի համայնքների բնակիչների բողոքի ակցիաներին:
Արդյոք տեղյա՞կ է այդ բողոքի մասին՝ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը պատասխանեց. «Երեկ վարդենիսցիների հետ նախարարության վարչության պետը հանդիպել է և խնդիրը պարզաբանել։ Այսօր էլ առավոտյան 8։30-ից մեր ամբողջ թիմը Վարդենիսում է, և լուծումներ, անկասկած, կգտնենք։ Մենք ամեն ինչից մանրամասն տեղյակ ենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վարդենիսցիներն առաջարկել են փնջային բաժանման նոր տարբերակ, որն իրենք այժմ քննարկում են:
Նա վստահեցրեց՝ բոլոր փնջերում եղել են և համայնքների ղեկավարների հետ՝ ազատ, անկաշկանդ մթնոլորտում քննարկել են խնդիրը:
Անդրադառնալով խնդրին, որ տարբեր համայնքներ տարբեր ենթամշակույթներ են ներկայացնում, և արդյո՞ք դա հաշվի է առնվել, Տերտերյանը նշեց, որ իրենց դիտարկումն էլ կարող է լինել տրամագծորեն հակառակը և տարբեր գյուղեր, նույն համայնքում լինելով, կարող են փոխադարձ հարստացնել մշակույթը. «Մենք պետք է մի փոքր զգույշ լինենք, էս գյուղն էն գյուղի հետ խնամի չեն դառնում, էս գյուղից էն գյուղ՝ աղջիկ չեն տալիս, դպրոց չեն գնում: Դե, չեն տալիս, բայց մեր տեսլականը դա չպետք է լինի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Վարդենիսի շրջանում մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը: 15 համայնք ոտքի է ելել՝ ընդդեմ խոշորացման ծրագրի։
Հավելենք՝ այսօր Հայաստանում արդեն կան 18 խոշորացված համայնքներ, որոնց մեջ 140 համայնքներ են միավորված, իսկ այժմ կառավարությունն այս օրինագծով առաջարկում է ձևավորել ևս 34 խոշորացված համայնքներ, որոնց մեջ կմիավորվեն 328 համայնքներ: