Շատերը կհամաձայնեն, որ Հայաստանում մի չափազանց յուրօրինակ ու խիստ պարադոքսալ օրինաչափություն է նկատվում. որքան աղքատանում է հասարակությունն, այնքան ավելի ու ավելի շքեղ է դառնում նույն այդ հասարակության էլիտար խավը ներկայացնողների կյանքն ու կենսակերպը: Իսկ այդ շքեղությունը հատկապես դրսևորվում, արտահայտվում է, այսպես կոչված, էլիտար խնջույքներում ու հարսանիքներում, ուր հայ միլիոնատերերն ու միլիարդատերերը չեն խորշում ու որքան հարկավոր է «փողաթափ» են լինում՝ կազմակերպելով այնպիսի թանկ խնջույքներ, որոնք հարիր կլինեին արաբ շեյխերին կամ արևելյան միապետներին: Մի խոսքով՝ միլիոններ են, որ թափում են, ինչ է թե հետ չմնան իրենց մյուս էլիտար գործընկերներից. խնջույքներին միլիոններ թափելու յուրատեսակ մոդա է մեզանում վաղուց ձևավորվել:

Բայց մրցակցությունը հատկապես սուր  է արտահայտվում, թերևս, հարսանեկան արարողությունների պարագայում. ինչ-ինչ, բայց մեր էլիտարները մի լավ լիցքաթափվելու վրա երբեք գումար չեն խնայում ու, եթե հարկ է լինում աստղաբաշխական գումարներ են ծախսում՝ ասենք դրսից արտիստներ հրավիրելու, երեկոն անմոռանալի դարձնելու համար. ասվածի ամենացցուն օրինակները, թերևս, գրանցվեցին օրերս, երբ գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին մոտ 1 մլն դոլարի դիմաց Հայաստան էր հրավիրվել Ջասթին Թիմբերլեյքը, իսկ Արկադի Համբարձումյանի դստեր հարսանիքին էլ Տիմատին էր մասնավոր այցով Հայաստան ժամանել: Ընդհանրապես, նկատենք, որ ռուսական շոուբիզնեսի աստղերին հայաստանյան հարսանիքներին մասնակից դարձնելը դարձել է ջուր խմելու պես մի բան. այլևս վաղուց ոչ ոք չի զարմանում ասենք Պուգաչովայի կամ Սերովի  մասնավոր այցերից, իսկ այս ամենն, ինչպես հայտնի է կլորիկ գումարներ արժեն՝ գումարներ, որոնք իրականում վճարվում են շարքային քաղաքացիներիս հաշվին…

Այս ամենը, սակայն, չի կարող բնական հարցեր չառաջացնել, չի կարող չծնել հարցադրումներ, որոնք բնական հետևանքն են այն իրավիճակի, որ այժմ ստեղծվել է երկրում՝ հատկապես պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով: Արդյոք կիսասոված հասարակություն ունեցող երկրում որքանո՞վ են ճիշտ, որքանո՞վ են արդարացված նման ճոխություններն ու զեխությունները: Արդյոք ոմանք չե՞ն տեսնում այն իրական վտանգը, որ հետզհետե խմորվում է հայ հասարակությունում՝ պայմանավորված սոցիալական ծայրահեղ բեվեռացմամբ. մարդկանց փաստացի ապստամբության են դրդում, որը կարող է  իրապես անկանխատեսելի հետևանքներ ունենալ երկրի համար: Մինչդեռ նույնիսկ հարուստ եվրոպաներում ու ամերիկաներում, ուր սոցիալական բևեռացումը շատ ցածր մակարդակի  վրա է, տեղի հարուստները, պաշտոնյաները, զգալով հստակ սոցիալական ու բարոյական պատասխանատվություն, իրենց կենսակերպը շատ ավելի զուսպ են կազմակերպում, զվարճանալիս էլ երգիչներ հրավիրելու վրա միլիոններ չեն թափում. ուղղակի ապրում են իրենց կյանքով՝ նախըտրելով համեստ կենսաձևը՝ մի բան, որն այնքան հեռու է հայրենի օլիգարխներից, պատգամավորներից ու չինովնիկներից:

Ինչո՞ւ, որովհետև արդեն վաղուց Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորը բացարձակապես զրոյական մակարդակի վրա է գտնվում, ու ոչ ոք ժողովրդի հետ հաշվի չի նստում. իրենք էլիտար են՝ կապույտ արյունն էլ երակներում…

 Դավիթ ԲԱԲԱՆՈՎ