Gallup –ը իր կայքում ներկայացրել է արտագաղթի առավել մեծ ցուցանիշ ունեցող 31 երկրների ցանկը, մեր հարևան երկրներից որևէ մեկը այնտեղ չկա: Կարող ենք ասել, որ Հայաստանի ցուցանիշը այնքան էլ վատ չէ, ի վերջո մենք ոչ առաջին տեղում ենք, ոչ էլ երկրորդ:

Բայց այստեղ էլ մի շատ տխուր իրողություն կա, որի հետ հաշվի նստել չի լինի: Արտագաղթի ցուցանիշներով Հայաստանից առաջ գտնվող բոլոր 7 երկրների բնակչությունն էլ ավելի մեծ է քան Հայաստանինը, շատ դեպքերում էականորեն մեծ: Օրինակ, Սիերա Լեոնեի բնակչությունը 5մլն 369 հազար է, Հայիթիինն 9մլն 893 հազար, իսկ Կոնգոն 77,5 մլն բնակչություն ունի: Միայն Հայաստանն է, որի բնակչությունը նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ 3 միլիոնից ցածր է: Իսկ դուք ասում եք օտարերկրյա ներդրումներ, տնտեսության զարգացում:

Ո՞վ ներդրում կանի մի երկրում, որի բնակչության գրեթե կեսը ցանկանում է արտագաղթել: Ըստ այդ ուսումնասիրության՝ աշխարհում մոտ 710 միլիոն մարդ պատրաստ է փոխել իր մշտական բնակության վայրը, և ապրել ավելի ապահով և բարեկեցիկ երկրներում: Պոտենցիալ միգրանտների քանակը աշխարհում աճում է, և դա կապված է տարածաշրջանային պատերազմների, համաճարակների, տնտեսական ճգնաժամերի ու դրանց հետևանքով կյանքի պայմանների վատթարացման հետ: Ըստ Galup-ի հետազոտության, 2013-2016թթ. Հայաստանը արտագաղթել ցանկացողների իր ցուցանիշը 2010-1012թթ համեմատությամբ «բարելավել» է 7 տոկոսային կետով: Այսպես եթե 2010-2012թթ Հայաստանից արտագաղթելու ցանկություն է ունեցել բնակչության 40 տոկոսը, ապա 2013-2016թթ այդ ցուցանիշը հասել է 47 տոկոսի: Հայաստանը իր ցուցանիշով 8-րդն է, առաջ անցնելով անգամ Սիրիայից, որտեղ արդեն 6 տարուց ավելի ընթանում է քաղաքացիական պատերազմ, իսկ երկրի մեծ մասը գտնվում է ամենատարբեր ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ:

Մինչ Սերժ Սարգսյանը խոստանում է, որ 2040թ. Հայաստանի բնակչության թիվը կարող է հասնել 4 միլիոնի, միջազգային հեղինակավոր հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանը առաջիկա տարիներին կարող է ընդհանրապես զրկվել բնակչությունից: Հեռավոր ապագայում աներեւակայելի բարձունքների հասնելու խոստումները նորություն չեն։ Խրուշչովն, օրինակ, խոստանում էր «հասնել եւ անցնել Ամերիկային» ու 20 տարում կոմունիզմ կառուցել։ Բայց կոմունիզմ կառուցելը խիստ վերացական հասկացություն է, մինչդեռ Սերժ Սարգսյանը կոնկրետ թվեր է նշում։ Ընդ որում, այնպիսի թվեր, որ միանգամից ակնհայտ է դառնում` նա (կամ տեքստ գրողը) տեղյակ չէ «տարրական մաթեմատիկա» կոչվող առարկայի մասին (հանրակրթական դպրոցներում, ի դեպ, այդ առարկան պարտադիր է)։ Ամենավտագավորն այն է, որ չնայած արտագաղթի բարձր ցուցանիշներին, Հայաստանից արտագաղթել ցանկացողների թիվը տարեցտարի ավելանում է: Հատկանշական է, որ Սարգսյանի նախագահության ինը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 300 հազար մարդ: Սա առկա բնակչության 10 տոկոսից ավելի է: Ընդ որում, ամենամեծ ծավալի արտագաղթը, ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցվել է անցնող 2016 թվականին՝ 48.200 մարդ: Սրանք բնավ մտահոգիչ միակ ցուցանիշները չեն:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության 2017թ․ առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն՝ ժողովրդագրությանը վերաբերող թվերը մտահոգիչ են։ Եթե 2016թ․ հունվար-մարտ ժամանակահատվածում Հայաստանում ծնվել էր 9 125 երեխա, ապա 2017թ․՝ ընդամենը 8 534: Դրան հակառակ՝ աճել է մահացության թիվը․ եթե 2016թ․ առաջին եռամսյակում մահացել է 7 744 մարդ, ապա այս տարի այդ թիվը աճել է 4 տոկոսով՝ 8 037։ Բնական հավելաճի` ծնվածների և մահացածների թվերի տարբերության մասով ցուցանիշները ևս տագնապալի են։ Ծնվածների և մահացածների թվերի տարբերությունը այս տարվա առաջին եռամսյակում եղել է 497, որն ամենամեծն է վերջին յոթ տարվա ընթացքում։ Այս ամենին զուգահեռ՝ նվազել է ամուսնությունների թիվը․ 2017թ․ առաջին եռամսյակում արձանագրվել է 3 544 ամուսնություն այն դեպքում, երբ 2015թ․ այդ թիվը 4 348 էր:

Իսկ թե ինչի արդյունքում ենք այսչափ խայտառակ պատկեր արձագանքում՝ պարզ է թերևս բոլորին: Ամեն ինչը կախված է երկրում մարդուն տրված հնարավորությունից: Մեր մոտ թղթի վրա մեծ հնարավորություններ կան, փաստական կյանքում ոչ միայն մեծ հնարավորություններ չկան, այլև նույնիսկ խաղի կանոնները հասկանալի չեն՝ «ում, երբ, որտեղ, ինչպես»-ը հասկանալի չէ, «ում փող տաս»-ն էլ հասկանալի չէ, որ խնդիրդ լուծվի, եթե դու տնտեսական դաշտում կարող է հանկարծ մրցակցություն ունենաս, և այլն: Այսինքն՝ սա նույնիսկ իրավունքը չէ, որքան՝ արդարությունը, որը գործում է տվյալ իրավիճակում ստեղծված հարաբերությունների դաշտում:

Ստելլա Խաչատրյան