Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարի ընթացքում հայտարարել էր.
«Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում և, հնարավոր է՝ Pour toi Arménie-ն նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, և ոչ միայն նա»:
Թե ինչպիսին պետք է լինի այն, արդյոք Հայաստանի օրհներգը փոխելու կարիք կա և որքանով է համապատասխանում Շառլ Ազնավուրի Pour toi Arménie երգը օրհներգ լինելու ստանդարտներին, այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց երգահան Վախթանգ Հարությունյանի հետ:
Երգահանի կարծիքով՝ Հայաստանի օրհներգը երաժշտական տեսանկյունից ամենաապաշնորհն է. «Հիմնը գրելիս հարկավոր է հաշվի առնել մի քանի սկզբունքներ. այն պետք է լինի ոգեշնչող, երաժշտական առումով՝ մաժորային գամայի վրա, մարդկանց դրական էմոցիաներ փոխանցող, ոչ թե` հակառակը: Մեր հիմնում որևէ դրական բան չկա. «արտասուքով լվացի» արտահայտության մեջ ոչ մի դրական բան չեմ տեսնում: Այսքան տարվա մեջ պետք է գտնվեր մի արժանի գործ, որը երաժշտական տեսանկյունից ունենար ճիշտ հիմքեր, իսկ բովանդակության տեսանկյունից` ազգի համար ուղենիշներ, թե ինչին է ազգը ձգտում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս առումով Հայաստանի օրհներգը վերանայելու կարիք ունի:
Անդրադառնալով Ազնավուրի Pour toi Arménie երգի ընտրությանը, երգահանը նշեց, որ դա միանձնյա որոշելու հարց չէ. «Նմանատիպ խնդիրների դեպքում մարդիկ պետք է հավաքվեն, քննարկեն, նոր որոշում կայացնեն: Դա ոչ միայն ազգի բնութագիրն է, այլև ազգի ապագան, որն ամեն օր երգվում է: Եվ եթե ամեն օր հնչող երգի մեջ ոգևորող ոչինչ չկա, ուրեմն այն հարկավոր է փոխել»,- ասաց նա:
Հարցին՝ կա՞ որևէ երգ, որն ինքը հավանության է արժանացնում և կցանկանար, որ հենց դա լինի Հայաստանի օրհներգը, երգահանը պատասխանեց.
«Ունենք հրաշալի կոմպոզիտորներ, ովքեր հրաշալի գործեր գրած կլինեն, եթե պետությունը նման խնդիր դնի՝ համոզված եմ շատ լավ աշխատանքներ կներկայացվեն: Հազարավոր գործեր կարող եմ նշել, բայց բոլորը չեն, որ ազգի համար առաջիկա հինգ հարյուր տարվա կտրվածքով տեսլական ունեն: Իսկ մենք հենց այդպիսի հիմն պետք է ունենաք, որը ոչ թե 25 տարվա, այլ դարեր շարունակ ապրելու և ապրեցնելու, կենսական ուժ տալու հեռանկար ունենա»:
Հարությունյանի խոսքով՝ մեր օրհներգի շեշտադրումները սխալ են. ««Մե՛ր հայրենիք, ա՛զատ, ա՛նկախ». ահա այստեղ շեշտերը դրված են առաջին վանկի ձայնավորի վրա: Մենք խոսում ենք հայապահպանման մասին, սակայն նույնիսկ կետադրական կոնոնների օգտագործման տեսանկյունից մեր հիմնը հայապահպանման ոչ մի մտածելակերպ չի հետապնդում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ մեկ օր առաջ պետք է հրաժարվենք ՀՀ օրհներգից:
Սոնա Հարությունյան