Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն արյունատվության ակցիա կազմակերպեց Ազգային ժողովում: Ակցիայի ընթացքում արյուն հանձնեցին Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև միջոցառումը լուսաբանող մի խումբ լրագրողներ:

Լրագրողների հետ զրույցում Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանն ընդգծեց, որ Ազգային ժողովում առաջին անգամ է նման միջոցառում կազմակերպվում` նշելով, որ պատգամավորները միշտ ակտիվ մասնակցություն են ունենում արյունատվության տարբեր ակցիաների: «Կան պատգամավորներ, ովքեր հաճախակի այցելում են արյունաբանական կենտրոն և կամավոր արյուն հանձնում: Այստեղ որևէ նշանակություն չունի, թե ով է արյուն հանձնում, նշանակություն չունի, թե մենք հիմա որտեղ ենք գտնվում: Այստեղ մենք գործ ունենք մարդու հետ, ով իր արյան մի մասը նվիրում է մեր հիվանդներին»,-  ասաց Դաղբաշյանը:

Սմբատ Դաղբաշյանն ընդգծեց, որ տարեկան շուրջ 15 հազար արյան դոնոր են ունենում, ինչը բավարար չէ: «Մենք պետք է ավելացնենք մեր դոնորների թիվը: Որպեսզի կարողանանք լիովին բավարարել մեր պահանջները, ազգաբնակչության շուրջ 2 տոկոսը պետք է արյան դոնոր լինի: Այսօր, իհարկե, մենք պահեստավորել ենք բավականին մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր, որոնք օգտագործում ենք արտակարգ իրավիճակների ժամանակ, այն պահերին, երբ իրավիճակը լարվում է սահմանին: Դուք գիտեք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մեծ թվով մարդիկ եկան արյունաբանական կենտրոն և իրենց արյունը նվիրեցին մեր վիրավոր զինծառայողներին օգնելու համար: Մեր պահեստներում կան արյան մեծ քանակությամբ բաղադրամասեր, սակայն պետք է շարունակենք աշխատել, նոր դոնորների ներգրավել, որպեսզի մեզ մոտ երբեք արյան պակաս չլինի: Այդ իսկ պատճառով մեր թիմը միշտ պատրաստ է գնալ այն կազմակերպություններ, որոնց աշխատակիցները պատրաստ կլինեն արյուն հանձնել, և նրանց նույնպես ներգրավել արյան դոնորների շարքում»,- եզրափակեց Սմբատ Դաղբաշյանը: