Կանադացի գիտնականները հայտնել են, որ շուտով լույս կտեսնի «Studies in Religion» ամսագիրը, որում հանգամանորեն ներկայացված է Մայր Թերեզայի գործունեությունը։ Ուսումնասիրողները նշում են, որ Թերեզայի լեգենդներով եւ միֆերով հյուսված կյանքն իրականում այնպիսին չի եղել, ինչպես դա ներկայացնում է կաթոլիկ եկեղեցին, գրում է «ԵվրոՍՄԻ»-ն։
Մասնագետները Մայր Թերեզայի գործունեությանն առնչվող փաստաթղթեր են ուսումնասիրել եւ եզրակացրել, որ համաշխարհային հումանիզմում այդ կնոջ ավանդը խիստ չափազանցված է։ Պարզվել է, որ Թերեզայի հովանավորության տակ գտնվող կացարաններում հակասանիտարական վիճակ է տիրել, հիվանդների դեղերն ու սնունդն անբավարար են եղել։ Հատուկ նշվում է, որ Թերեզայի հիմնադրամը ստացած եւ ծախսած միջոցների մասին երբեք հաշվետվություն չի ներկայացրել։
Գիտնականները փաստաթուղթ են գտել, որում մեջբերվել է Թերեզայի այն խոսքերը, թե աղքատների տառապանքները «հիասքանչ են», քանի որ այդ մարդիկ Քրիստոսի նման իրենց խաչն են կրում։ Իսկ մեդալիոնով կնոջը բուժելու հանրահայտ փաստը, որը Վատիկանը հրաշք էր որակել, վերագրում են դեղորայքային բուժմանը։