Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը հերթական հայրենասիրական ակցիայով է հանդես եկել։ Երկրապահի օրվա եւ մայիսյան տոների կապակցությամբ երեք սերունդների երկրապահները՝ վարչության անդամներ, բոլոր տարածքային բաժանմունքների, մարզային խորհուրդների կազմերում ընդգրկված երկրապահներ, ավագ սերնդի, երիտասարդ եւ պատանի երկրապահներ, կամավորականության սկզբունքով նվիրատվություններ են արել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։ Նախաձեռնության հեղինակը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանն էր։ Առաջին նվիրատվություն անողներն էլ Զորավարն ու իր ընտանիքի անդամներն էին՝ երեխաները, թոռները, հարազատները։
Երկրապահներն այս ակցիան կազմակերպել են համոզմամբ, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» ստեղծվել է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների նյութական աջակցության նպատակով:
«Հիմնադրամին» վճարված կամ նվիրաբերված յուրաքանչյուր լուման ուղղվելու է միմիայն այս նպատակի իրականացմանը։
Երեք սերունդների երկրապահներն էլ հպարտությամբ են խոսում իրենց հայրենասիրական ակցիայի եւ «Ազգ-բանակ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերին աջակցելու պատրաստակամության մասին։ Երկրապահները վստահությամբ եւ հավատով են լեցուն հայ ազգի, հայոց բանակի նկատմամբ: Երկրապահներն ասում են, որ այս բոլոր ուղղություններով իրենք վաղուց աշխատում են։ Ողջունում ենք, որ այսօր պետականորեն բարձրաձայնվում է այս ամենի մասին, իսկ ԵԿՄ գործունեությունն, ստեղծման օրվանից, նման ընթացք ունեցել է։ Բնական է, որ բոլոր հնարավոր միջոցներով Երկրապահը սատարելու է պաշտպանության նախարարին եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին ազգային, հայրենասիրական ձեռնարկներում։ Երեք սերունդների երկրապահները համոզված են, որ իրենց օրինակը վարակիչ կլինի, որ հայաստանյան հանրության համար առաջնային խնդիր կլինի սահմանապահ զինվորի խնդիրների մասին հոգ տանելը։ Ինչպես Երկրապահի առաջնորդ Մանվել Գրիգորյանն է ասում՝ դիրքապահ զինվորը, սպան պետք է համոզված լինեն, որ իրենց ընտանիքներն ապահովված են ամեն ինչով, որեւէ էական պրոբլեմ չունեն, որպեսզի իրենք կարողանան ամբողջությամբ նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին, անձնուրացաբար պաշտպանեն հայրենիքը, պետությունն ու մեր ընտանիքները։