Օրերս արտառոց դեպք է արձանագրվել Չայկովսկու անվան ռուսական պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի անձնակազմի` Հայաստանում գտնվելու կազմակերպչական նախապատրաստությունների շրջանակում:
Նախաձեռնությունը ՀՀ մշակույթի նախարարությանն էր: Սակայն Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ելութ ունենալուց հետո նվագախումբը հանգրվանել է «Անի» հյուրանոցում, որի դիմաց, սակայն, վճարումներ չեն կատարվել: Մշակույթի նախարարությունից հյուրանոցի տնօրինությանը բացատրել են, որ համերգը խիստ կարևոր է, այն պետք է անցկացվի, սակայն գումարը հնարավոր կլինի վճարել միայն աշնանը: Ընդ որում, դժվար է ասել, որ չվճարելու պատճառը գումարի սակավ լինելն է: Քանի որ նախարարությունը նման միջոցառումների համար անշուշտ ունի նախապես ծրագրավորած բյուջե: Նույնիսկ հատուկ դեպքերի համար լրացուցիչ գումարներ են հատկացվում, հետևաբար փող չունենալը դժվար թե Ամիրյանի ղեկավարած գերատեսչության համար հարմար պատճառաբանություն լինի:
Ու քանի դեռ հյուրանոցը սպասում է իր փողերին, այդ ընթացքում նախարար Ամիրյանը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում հայտարարում է, որ հիմնադրամի առաջին ներդրողը կլինի հենց ինքը` անձնական միջոցներից: Անշուշտ կարելի է Ամիրյանին նախ հուշել, որ սիրուն չի Արմեն ջան, նախ հարկավոր է պետության պարտքը փակել , քանի դեռ խայտառակ չենք եղել, նոր արդեն փորձել սրբի ու բարեգործի լուսապսակը: Հակառակ պարագայում, պարզ համադրություն կատարելիս, կարելի է հանգել այն եզրակացության, որ հյուրանոցին չվճարված գումարները հրաշքով քիչ չէ Գյումրի են հասել, դեռ մի բան էլ արդեն համարվում են Ամիրյան բարեգործի սեփական միջոցներ…
Ստելլա Խաչատրյան