Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ ''Ժառանգության'' առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել են և հենց նրա գաղափարակիցները, և նրանք, ովքեր իշխանության դեմ են:
''Ընտրազանգվածը քվեարկեց ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, այլ իշխանությունների դեմ: Մարդիկ կային, որ հենց նրա օգտին էին քվեարկել, բայց հիմնական մասը դեմ էր իշխանություններին: Րաֆֆիի դեպքում աշխատեց' դեմ են Սերժ Սարգսյանին և նրա "ինատու" Րաֆֆիին են ձայն տալիս սկզբունքը'',-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Հարցին, թե այդ դեպքում ինչու չքվեարկեցին ընդդիմության մեկ այլ ներկայացուցչի' Հրանտ Բագրատյանի օգտին, Բադալյանը պատասխանեց. ''Ընտրությունները քննություն չի, որ լինի ծրագրերով, որ ով լավ պատասխանի, նա հաղթի: Ծրագիրը քարոզարշավի ժամանակ ընդամենը կերպարը ներկայացնելու ուղիներից մեկն է, իսկ Բագրատյանը գերագնահատեց նրա դերը'':
Բացի այդ, քաղաքագետի խոսքով, ''Ժառանգության'' առաջնորդի օգտին քվեարկածները առաջնորդվեցին այն շարժառիթով, որ ընդդիմության ներկայացուցիչներից ամենաշատ ձայները կհավաքի Հովհաննիսյանը:
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի համար ևս կանխատեսելի էր, որ ''Ազատություն'' կուսակցության առաջնորդը այդքան ձայներ հավաքեց: ''Միանգամայն կանխատեսելի էր, վաուչերային սեփականության կնքահայրն է ինքը մեր իրականության մեջ'',-նկատեց քաղաքագետը:
Վերջինս կարծում է, որ Բագրատյանը պիտի քիչ խոսեր իր վարչապետության տարիներից և այդքան շատ չծանրանար իր գործունեության արդյունքների վրա: ''Այդ գործունեության արդյունքները ոչ մեկին չեն բավարարում բացի այն տասը ընտանիքներից, ովքեր այն ժամանակ կուտակում էին իրենց ունեցվածքը:
Բագրատյանն անընդհատ ծանրանում էր դրա վրա, փորձում էր արդարացնել այդ տարիներին իր կողմից կատարված քայլերը, ինչը իրեն ոչ մի առավելություն չէր կարող տալ'',-բացատրեց Հովհաննիսյանն ու շարունակեց.
''Հիշում եք' Րաֆֆին ինչ շեշտադրումներ էր անում' դրամ չուներ, չնայած գիտենք, որ ունի, Րաֆֆին 31-ով է շրջում, իսկ Բագրատյանն ասում է' տղաս սովորում է Անգլիայում, ես այսքան միլիոններ ունեմ և այլն, բայց այնպես չէ, որ յուրաքանչյուր բանիմաց մարդ կարողանում է այսպես վաստակել մեր իրականության մեջ: Ինքը լավ տնտեսագետ է, բայց լավ տնտեսագետներ կան, որ այսօր հանապազօրյա հացի խնդիր ունեն'':