Մենք՝ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներս` ավելի քան 30 երկիր և երկրամաս ներկայացնող կին խաղաղարարներս, 2017թ. հունիսի 7-9 Երևանում մասնակցելով «Ժամանակակից մարտահրավերները լուծելու նոր ուղիների որոնում: Կին խաղաղարարների պատմությունները» վերտառությամբ հինգերորդ միջազգային կոնֆերանսին` կոչ ենք անում բոլոր կառավարություններին, մարդասիրական և մարդու իրավունքի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին՝ ընդառաջել սիրիացի կնոջ առաջարկին, այն է՝ ՄԱԿ-ի վերահսկողության տակ հիմնել ժամանակավոր հանձնաժողով:

Տրամադրել ուժեղ պաշտպանության միջոցներ սիրիացի փախստականների ճամբարներում և ձեռնարկել հատուկ միջոցներ` բռնությունից և շահագործումից կանանց ու երեխաներին պաշտպանելու համար:

Հիմնել մշտադիտարկման թիմ՝ ավելի քան հիսուն տոկոս կանանց մասնակցությամբ՝ վերահսկելու և փաստագրելու սիրիացի կանանց իրավիճակը հարևան երկրներում:

Մշակել գործողությունների ծրագիր՝ սիրիացի կանանց պաշտպանության և քաջալերման համար, որի առաջնահերթ նպատակը կլինի նրանց կարիքները հոգալը:

Աջակցել Սիրայում և հարևան երկրներում գտնվող կանանց համար նախատեսված հատուկ տնտեսական ծրագրերին` նրանց հնարավորություն տալու տնօրինել իրենց ընտանիքի կենսապահովման միջոցները և դիմագրավել խախտումներին ու շահագործմանն իրենց ընտանիքում և համայնքում:

Հատկացնել հատուկ ֆինանսավորում՝ կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կողմից` սիրիացի կանանց կարիքներին (հոգեբանական, կրթական, տնտեսական, իրավական, քաղաքական) ուղղված հատուկ ծրագրեր մշակելու համար:

ՄԱԿ-ի վերահսկողության տակ դպրոցներ բացել տեղահանված տարածքներում և փախստականների ճամբարներում: Այս դպրոցները ՄԱԿ-ի հաստատած ուսումնական ծրագրերի առարկան են, և պետք է հաշվի առնել այն, որ այդ ծրագրում ընդգրկված աղջիկների ներկայությունը 50% է կազմում:

Բացել կանանց համար հատուկ առողջապահական կենտրոններ, որոնք հոգ կտանեն կանանց և աղջիկների առողջության ու հոգեբանական վիճակի մասին և կապահովեն նրանց անհրաժեշտ կարիքները:

Պահանջել կառավարությունից և բոլոր այլ հակամարտող կողմերից հայտնել առևանգվածների ու կին կալանավորվածների անունները, նրանց ճակատագրի մասին ու ազատել նրանց իրենց երեխաների հետ միասին: