ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել էր օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Կառավարության պաշտոնական՝ Gov.am կայքը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում մի շարք լուսանկարների հետ կային ֆոտոներ, որտեղ երկրի վարչապետը և «բիզնես չունեցող» Սամվել Ալեքսանյանը միասին են կադրում:
Մի կողմ թողնենք այն, որ պատգամավորը բիզնեսով զբաղվելու իրավունք չունի, և նաև մի կողմ թողնենք այն իրականությունը, որ Հայաստանում հենց պատգամավորներն են «ամենալավ» բիզնեսմենները, հատկապես տնտեսությունն իրենով արած Ալեքսանյանը: Խնդիրն այլ է:
Հասարակության մոտ բարի համբավ ունեցող, իր իմիջի վրա «դողացող» վարչապետին դուր չի եկել այն, որ հասարակությունը կտեսնի իր և օլիգարխ պատգամավորի համատեղ լուսանկարները:
Կառավարության էջից հեռացվել են այդ լուսանկարները, որոնք ստորև կներկայացնենք Ձեր ուշադրությանը:
Ստացվում է, որ գրագետ, բարի, վատ աշխատողների վրա զայրացող, Հայաստանը Սինգապուր դարձնող վարչապետի համար ամոթ է լուսանկարվել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Մարդիկ տեսնեն, վատ բան կմտածեն: