ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը նախօրեին այցելել էր Բաքու, հանդիպում ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, որից հետո տարածել էր հայտարարություն տարածաշրջանային այցի վերաբերյալ:
Մինսկի խմբի հայտարարությունն այս անգամ սպասված էր երկու պատճառով՝ հունիսի 16-ին տեղի ունեցածի, երբ ադրբեջանական զինուժը նռնականետով հարվածել և սպանել էր երեք հայ զինծառայողի, և հրադադարի նախորդ խախտումից հետո համանախագահների արած առաջին հասցեական հայտարարության, երբ հայկական ՀՕՊ կայանին ադրբեջանական հարվածից հետո համանախագահները նշեցին, որ առաջինը կրակել է Բաքուն:
Այնուհանդերձ, վերջին հայտարարության մեջ նրանք նշում են, որ երկու կողմին են կոչ անում պահել հրադադարը: Այսինքն` չկա նախկին հասցեականությունը և կոշտ տոնայնությունը: Իսկ ի՞նչ է սա, եթե ոչ` մեր դիվանագիտության հերթական բացթողումը և ձախողումը: Համանախագահների նախավերջին հայտարարությունը լավ հիմք էր մեր դիվանագիտական ապարատի համար` լայնածավալ աշխատանքներ տանելու և զարգացնել այս փոքրիկ ձեռքբերումը: Մինչդեռ՝ մեզ ոչ միայն չի հաջողվել հասնել նրան, որ առավել խորանա և կոնկրետանա համանախագահների՝ արդեն նախավերջին հայտարարության աննախադեպ հասցեականությունը, այլ գոնե պահվեր դրա տոնայնությունը նույն մակարդակին: Եվ եթե Մինսկի խմբի համանախագահության հայտարարության մեջ չկա զարգացում, այլ նույնիսկ նշմարվում է նախորդի համեմատ որոշակի հետընթաց, ապա այստեղ պետք է նկատել հայկական դիվանագիտության աշխատանքի արդյունք կամ դրա բացակայություն:
Անցյալ տարի ապրիլին հայկական բանակն արել է իր գործը հերթական անգամ և սպասում էր, թե ինչ է անելու հայկական դիվանագիտությունը: Ապրիլյան օրերին այդ ուղղությամբ նախանշվեցին մի քանի նշաձողեր և մնում էր դրանք ամրացնել ու դրանցում սահմանված նպատակներին հասնել: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարեց Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագրի կնքման նախապատրաստության մասին՝ միաժամանակ նշելով, թե չի կարող խոսք լինել որևէ նոր հրադադարի համաձայնագրի մասին, քանի որ կա 1994 թվականի համաձայնագիրը: Ամենայն հավանականությամբ, հայկական կողմի համար այստեղ արժեքը Լեռնային Ղարաբաղի ստորագրությունն է, և եթե նոր հրադադարի համաձայնագրում լիներ նման ստորագրություն, ապա Հայաստանի համար էլ դա սկզբունքորեն կլիներ ընդունելի: Սակայն սա, իհարկե, անկասկած քիչ էր՝ վերադառնալու կամ վերահաստատելու համար 1994 թվականի ստորագրություններն ու պայմանավորվածությունները:
Ապրիլյան պատերազմով Ադրբեջանը կատարել է խոշոր սադրանք, մեծ հանդգնություն, և եթե ռազմական առումով նրան չի պարտադրվել զուտ ֆիզիկական պարտություն և նոր տարածքային կորուստ՝ իհարկե, մտածելով նաև հայկական զինված ուժերի կյանքերի մասին, ապա դա պետք է փոխհատուցվեր դիվանագիտական դաշտում բանակցային գործընթացում նոր իրավիճակ բերելով, որն անխուսափելիորեն պետք է ենթադրեր Լեռնային Ղարաբաղի որակապես նոր կարգավիճակ, նոր՝ անգամ 1994-ի համաձայնագրի համեմատ: Հայկական դիվանագիտությունը չկարողացավ լուծել այդ խնդիրը, և Լեռնային Ղարաբաղը կարգավորման գործընթացում չստացավ սուբյեկտայնություն, ինչը նշանակում է, որ դիվանագիտությունը հերթական անգամ անհամարժեք գտնվեց զինված ուժերի գործունեությանը և տապալեց նրանց արձանագրած արդյունքները: Իսկ այդ դեպքում կարող ենք չկասկածել, որ շատ շուտով իրադարձությունների զարգացումը կրկին կբերի նրան, որ հայկական զինուժը ստիպված կլինի բավական ծանր գնով կրկին ուղղել դիվանագիտության սխալների և վրիպումների հետևանքները:
Ստելլա Խաչատրյան